Վակցինան տեղյակ չի եղել, որ «Երևան մոլ»-ի սեփականատերը Գագիկ Խաչատրյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ DJ Վակցինան հայտարարել էր, որ  ինքը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին:  Armlur.am լրատվականի թղթակիցը փորձեց պարզել `  եթե դեմ է կենսաթոշակային  համակարգին, այդ դեպքում ինչո՞ւ է DJ – ություն արել մոտ երկու շաբաթ առաջ բացված «Երևան մոլ»-ում, որը,  շրջանառվող լուրերի  համաձայն, պատկանում է  ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս կառույցն էլ այսօր ստիպում է գործատուներին իրենց աշխատակիցների աշխատավարձից պահել 5 տոկոսը,  այն դեպքում, երբ ՍԴ-ը  դեռ որոշում չի կայացրել:Ինչո՞ւ Վակցինան չի մերժել այնտեղ DJ – ություն անելու հրավերը:

Վակցինան ասաց, որ ինքը պարտավոր չէ իմանալ `  ովքեր են այն բոլոր կառույցների տերերը, ում մոտ ինքը գնում է աշխատելու: «Ես աշխատում եմ տարբեր մարդկանց մոտ և պարտավոր չեմ իմանալ `  ովքեր են դրա տերերը, հետո անալիզ անել և հասկանալ `  ինչ դեր ունի այդ  մարդը մեր պետական ապարատում:  Ես տեղյակ չեմ եղել, որ Գագիկ Խաչատրյանն է «Երևան մոլ»-ի տնօրենը»,- ասաց  Վակցինան, ապա հրաժարվեց իր կարծիքով պատասխանել մեր «աբսուրդ» հարցերին:

Հ.Գ. Հիշեցնենք DJ Վակցինային, որ մեր հարցն ամենևին էլ աբսուրդ չէ: Խոսքը պարզապես  վերաբերում է  հայտարարություններից բացի `  գործնական քայլեր անելուն, ինչն էլ փորձեցինք նրանից պարզել, սակայն DJ -ն անգամ մինչև վերջ չէր լսում մեր հարցադրումներն ու պարբերաբար ընդհատում էր: Կարծում ենք `  սա է աբսուրդը, ոչ թե մեր հարցադրումը:

Սոնա Դավթյան




Լրահոս