Ինչո՞ւ են վերաբացվում ԲՀԿ գրասենյակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կան քաղաքական գործընթացներ, որոնք պահանջում են համապատասխան ակտիվացում»,- Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Վայոց Ձորի ԲՀԿ մարզային կառույցի ղեկավար Սերգեյ Բագրատյանը ` անդրադառնալով վերջին շրջանում ԲՀԿ-ի կողմից իր համայնքային գրասենյակները վերաբացելու հանգամանքին:

«Այս ամսվա ընթացքում Վայոց Ձորի մարզի 6 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Մյուս մարզերում նույնպես: Բացի դրանից Տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացրեց, որ մարզերում խոշորացում է տեղի ունենում, որոշակի համայնքներ պիտի խոշորանան և մեկ համայնքով հանդես գան, որին քաղաքական կուսակցությունները պետք է պատրաստ լինեն»,- իր խոսքում նշեց Սերգեյ Բագրատյանը:

Ըստ ԲՀԿ ներկայացուցչի `  Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնած համայնքների խոշորացման գործընթացը ունի թե´ դրական և թե´ բացասական կողմեր: Վերջինիս համոզմամբ ` տարբեր համայնքներ ունեն շատ սահմանափակ բյուջեներ և հնարավոր չէ այդ միջոցներով լուծել համայնքի խնդիրները, հետևաբար համայնքների խոշորացումը ուղղված է տարբեր համայնքների բյուջեներից միասնական բյուջեի ձևավորմանը, որի դեպքում այդ բյուջեն կուղղվի այդ համայքների կամ դրանցից մեկի խնդիրների լուծմանը:

Իսկ բացասական կողմերից Վայոց Ձորի նախկին մարզպետը առանձնացրեց այն, որ համայնքների խոշորացման հետևանքով սահմանամերձ գյուղերի համար վտանգ կա ու պետք է այլ մոդել մշակել ու կիրառել:

«Համայնքներից 4-ում համայնքի ղեկավարի ընտրություններ են, իսկ 2-ում ` ավագանու: Կան համայնքներ, որտեղ գյուղապետի թեկնածու չեն առաջադրվել `  հաշվի առնելով նաև խոշորացման փաստը, որ այս ընտրության արդյունքում երկարատև կառավարում չի ենթադրվում. այսինքն `  մինչև նրանց գործունեության ավարտը փոխվի մոդելը ու գնա խոշորացում»,- հայտնեց Սերգեյ Բագրատյանը ` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջադրելու է իր թեկնածուներին, իսկ վերջում ավելացրեց, որ այն համայնքերում, որտեղ կան համապատասխան թեկնածուներ, իրենք անպայման սատարելու են:




Լրահոս