ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ՄԻՊ–ը` մանկապարտեզում երեխային հարվածելու տեսանյութի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին բռնության ենթարկելու տեսարաններով տեսանյութն ուսումնասիրվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Այս տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

«Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»,– ասված է հաղորդագրությունում:

Հավելենք, որ սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Ըստ սոցցանցային գրառումների` այդ մանկապարտեզը մասնավոր է, որտեղ ամսական վճարն 90.000 դրամ է։




Լրահոս