Armlur.am-ի հավաստի տեղեկություններով , ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում չէ: Շրջանառվող լուրերի համաձայն ` նա կուտակված պարտքերի պատճառով «փախել» է Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս գրվել է, որ Արզանքանցյանն իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի և Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքի աշխատակիցների աշխատավարձերն ամբողջությամբ չի վճարել:
Սակայն սա դեռ ամենը չէ: Լուրեր են շրջանառվում, որ նախկին պատգամավորը ֆինանսական խնդիրներ ունի նաև ՕԵԿ կուսակցության ղեկավար, ԱԱԽ քարտուղար, «Հայասի գրուպի» սեփականատեր Արթուր Բաղդասարյանի հետ: Արզաքանցյանը Բաղդասարյանի հետ բիզնես համագործակցություն է սկսել և խոստացել է, որ ՕԵԿ կուսակցության ղեկավարին պատկանող Ոսկեվազ գյուղում գինու և կոնյակի գործարանի արտադրանքի մի մասը կիրացնի արտասահմանյան շուկաներում, սակայն առայսօր Արզաքանցյանը իրացված արտադրանքի գումարները չի վճարել:
Armlur.am լրատվականի թղթակիցը փորձեց կապ հաստատել Արզաքանցյանի հետ ՝ պարզելու, թե ինչու չի վճարում իր կուտակած պարտքերը, սակայն նա կարծես թե փոխել է իր բջջային հեռախոսի համարը: Կապ հաստատել չհաջողվեց նաև Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Արարատ» ֆիրմային խանութի հետ: Այնպիսի տպավորություն է, որ Արզաքանցյանն այլևս Հայաստանի հետ բիզնես առնչություններ չունի:
Ինչևէ, կապվեցինք նաև ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի հետ, որը հերքեց տեղեկությունը, որ Արթուր Բաղդասարյնին Արզաքանցյանը գումար է պարտք: