Երևանի քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին:
«Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն ինչը ներկայացրել եմ այս տարվա ընթացքում 7 թե 8 հեռախոսային խոսակցությունների ժամանակ:
Մեր հրապարակային եւ աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից շատ չեն տարբերվում: Ինչ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում: Այո, այդ գրագրությունը գաղտնի է, այդ նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրանց բովանդակությունը»,-նշեց նա:
Անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը՝ վարչապետն ասաց, որ խաղաղության պայմանագրի ստորագրում չի նախատեսվում:
«Եթե նախատեսված լիներ որևէ փաստաթղթի ստորագրում, ապա կնշանակեր, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք այն ստորագրել: Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը։ Ուզում ենք մինչև տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ ստորագրել պայմանագիր և մենք ամեն ինչ անում ենք դրա համար:
Շատ կուզենայի ասել, որ այո՛ Գրանադայում սպասվում է, որ կստորագրենք փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ոչ: Հույս ունենք, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն և կհասնենք խնդրի լուծմանը»,- ընդգծեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում