Այսօր Խաչվերացի տոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը։ Այս տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է՝ Ս.Խաչի վեր բարձրացման և փառաբանության տոնը:

Ըստ ավանդության՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբայրը, ձեռք բերելով Քրիստոսի խաչափայտից մի մասունք, վեր է բարձրացրել ի տես հավատացյալների՝ երգելով «Խաչի քո Քրիստոս երկիր պագանեմք» շարականը: Երբ Հեղինե թագուհին գտնում է Քրիստոսի Խաչը, Երուսաղեմի Կյուրեղ Եպիսկոպոսը բարձրացնում է այն` հավատացյալների երկրպագության համար: 333 թ. Մեծն Կոստանդիանոսը կառուցում է Ս. Հարություն տաճարը Քրիստոսի գերեզմանի վրա:

Խաչվերացի տոնը մեծ նշանակություն է ստանում հատկապես պարսկական գերությունից վերադարձին, երբ շեշտվում է ազատագրված Ս. Խաչի հաղթական վերադարձը Երուսաղեմ: Այն տեղի է ունեցել 7-րդ դարի առաջին կեսին: 614 թ. պարսկաբյուզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրավում են Երուսաղեմը և գերեվարում Քրիստոսի խաչափայտը:

Երկարատև կռիվներից հետո Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդացիներին հաջողվում է ծնկի բերել պարսկական պետությանը և ազատագրել խաչափայտը: Այդ գործում մեծ նպաստ են բերել նաև հայկական զինվորական ուժերը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Ազատագրված խաչափայտը մեծամեծ հանդիսություններով և կրոնական արարողություններով Հայաստանի տարածքով տարվում է Կ. Պոլիս և ապա վերադարձվում Երուսաղեմ:

Խաչվերացի տոնը Հայ Եկեղեցին տոնում է սեպտեմբերի 11-ից 17-ի միջև ընկած կիրակի օրը:

 




Լրահոս