Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանն ասել է, որ քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով:
«Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,-այս մասին նա ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով՝ ևս մեկ ահազանգ է հնչել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից:
«Պատճառաբանությունն այն է, որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, ու, թեև իրենք ընտրելու իրավունք ունեն, բայցևայնպես չեն կարողանում հայերեն կարդալ և ծանոթանալ ընտրաթերթիկին: ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովներին հանձնարարել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները:
Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և, քվեաթերթիկն ընտրելիս, առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ»,-ընդգծել է նա: