ԿԸՀ-ն՝ տեղամասերում ուղղորդում կատարելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ լրատվամիջոցներով տարածվում է լուսանկար և նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։

«Նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։

Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում է, թե որ գործառույթներն են բաշխվում հանձնաժողովի անդամների միջև՝ նշելով, որ պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝

«1) մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը,

2) մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը,

3) մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը,

4) մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1200-ը:»։

Տեղամասային ընտրական հանձնաժողովները հանձնաժողովի անդամների աշխատասեղաններին փակցրել են ցուցանակներ, որոնք նշում են պարունակում համապատասխան գործառույթի վերաբերյալ («ցուցակ-1», «ցուցակ-2», «քվեաթերթիկ-1», «քվեաթերթիկ-2», «քվեատուփ») և որևէ ընտրողի չեն ուղղորդում։

Հարկ է նշել նաև, որ վերը նշված կարգավորումը կիրառվում է արդեն շուրջ 20 տարի», – նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս