ArmLur.am-ը արձանագրել է, որ ընտրողների մեծ մասը չի ծանուցվել և անտեղյակ է, թե որ ընտրատեղամասում պետք է մասնակցի ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փորձեցինք տեղեկանալ, թե ինչն է դարձել նման խնդրի պատճառ և ԿԸՀ-ից մեզ պատասխանեցին, որ ըստ, Ընտրական օրենսգրքի, ընտրության մասին ծանուցում իրականացնում է լիազոր մարմինը, որը Ոստիկանությունն է։ Ոստիկանությունը, ֆինանսավորվելով Կառավարությունից, պետք է «ՀայՓոստի» միջոցով ծանուցեր քաղաքացիներին, սակայն պատշաճ ծանուցում չի կատարվել։
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանի խոսքով՝ իրենք ևս քաղաքացիներից ստացել են նման բողոքներ, սակայն բացատրել են, որ ծանուցում ուղարկող լիազոր մարմինը իրենք չեն և բացատրել են նաև, որ հնարավոր է ԿԸՀ-ի կայքից Երևանի ընտրողների ռեգիստրի միջոցով տեղեկանալ, թե որն է իրենց ընտրատեղամասի հասցեն։
Հավելենք, որ ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 176,027 քաղաքացի կամ ընտրողների 21.36% տոկոսը։
Էմմա Միքայելյան