Կան խմբեր, որոնք ցանկանում են «թունավորել» Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները․ Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կան խմբեր, որոնք ցանկանում են «թունավորել» Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի (TASC) կազմակերպած ընթրիքի ժամանակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային իր մասնակցության շրջանակներում։

«Այստեղ պահպանելով ձեր ինքնությունը՝ դուք (ԱՄՆ-ում ապրող թուրքերը) կամուրջներ եք կառուցում մարդկանց միջև՝ ծանոթացնելով ամերիկացիներին մեր մշակույթին։ Հաղթանակի ճանապարհն անցնում է միասնությամբ, համերաշխությամբ։ Կան շահագրգիռ խմբեր, որոնք ցանկանում են թունավորել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Մենք նրանց համար պատնեշ ենք դնելու»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը նշել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններն ամեն օր բարելավվում են։ Նրա խոսքով՝ ինքն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ պայմանավորվել է շարունակել «ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը»։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում նոր փուլի մասին։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս