«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ` Երբ 2005 թ.-ին փոփոխություններ կատարվեցին Կուսակցությունների մասին օրենքում և խստացվեցին գրանցման չափանիշները, շատերը ողջունեցին դա ` հույս հայտնելով, որ այդպիսով կմաղվեն սնկի նման բազմացող« մարդ – կուսակցությունները: Կատարված փոփոխություններով որպես պարտադիր պայման դիտվեց կուսակցության ` նվազագույնը երկու հազար անդամների, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում ` Երևանում տարածքային գրասենյակների առկայությունը: Իհարկե, դեռ այն ժամանակ մեկ զապորոժեցի մեջ տեղավորվող քաղաքական ուժերի ղեկավարները փորձեցին աղմուկ բարձրացնել, թե այդպիսով փորձ է արվում Հայաստանում սահմանափակել քաղաքական գործունեության դաշտը և խաղից դուրս թողնել փոքրաքանակ, սակայն խիստ սկզբունքային ուժերին: Սակայն անցած տարիները ցույց տվեցին, որ իշխանությունները հետևողական չեղան օրենքի կիրառումն ապահովելու հարցում: Եթե այսօր Հայաստանի որևէ մարզում, անգամ Երևանում փորձենք գտնել այդ 80 կուսակցությունների գրասենյակները, կհամոզվենք, որ դրանց մեծ մասը գոյություն ունի պարզապես թղթի վրա, կամ էլ ` կուսակցապետի սեփական տանը: Ընտրությունից ընտրություն բավականին մեծ շահույթ ապահովող կուսակցություն-ՓԲԸ-ների բիզնեսը թեև անցած տարիներին որոշակիորեն անկում ապրեց, այդուհանդերձ ` դեռևս շարունակում է կենսունակ մնալ: Եվ եթե վերջին խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետականը որոշեց օգտվել այդպիսի մեկուկեսմարդանոց ուժերի լիդերների ծառայություններից, ապա ընդդիմադիր ՀԱԿ-ը, ընդհակառակը ` ձերբազատվեց դրանցից: Հայաստանի քաղաքական դաշտում կիսամարդ կուսակցությունների հետ կապված անգամ այնպիսի զավեշտալի դեպքեր կան, երբ նույն կուսակցության `« Հզոր հայրենիք» -ի մի փոխնախագահը ընդգրկված է Հանրապետական կուսակցությունում, մյուսը ` «Բարգավաճ Հայաստան» -ում: Եվ, փաստորեն, ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ընթացքում նրանք միմյանց դեմ ելույթներ են ունենում: Պատկերը նույնքան տխուր է նաև համեմատաբար հայտնի և կայացած ուժերի դեպքում: Եթե փորձենք հանրության մեջ հարցախույզ անել և պարզել, թե մարդիկ ում են ճանաչում օրինակ ` «Ազգային միաբանություն»«-ում ` բացի Արտաշես Գեղամյանից, ՀՔԴՄ-ում ` բացի Խոսրով Հարությունյանից, ԱԺՄ-ում ` բացի Վազգեն Մանուկյանից, ՍԻՄ-ում ` բացի Հայկ Բաբուխանյանից, ԱԻՄ-ում ` բացի Պարույր Հայրիկյանից և այլն, ապա կտեսնենք, որ Հայաստանում այսօր ռեալ գործում է 5-6 քաղաքական ուժ, որոնց կեսն էլ, այդուհանդերձ, չի ապահովում օրենքի պահանջը ` անդամների և գրասենյակների առկայության մասով: Եվ եթե պետռեգիստրը իսկապես պատրաստվում է ձեռնամուխ լինել կուսակցությունների ` գրանցման պայմանների համապատասխանեցմանը, ապա այն մեծ հաշվով դրական ազդեցություն կունենա քաղաքական դաշտի կայացման վրա: Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում
Մաղելու ժամանակն է. «Ժողովուրդ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ