ՅՈւՆԵՍԿՕ-ի նիստում քննարկվել է Արցախի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հարություն Վանյանն իր ելույթում Հայաստանի պատվիրակության անունից լսարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, մշտապես քաղաքականացնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը, անհիմն ու կեղծ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, և այդ վարքագիծը հակասում է կազմակերպության արժեքներին և սկզբունքներին:

ՀՀ ներկայացուցիչը նաև առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։

Հայաստանի պատվիրակն իր խոսքում նշել է, որ նախնական ցանկում գրանցվող քարայրները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որը 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անցել է վերջինիս վերահսկողության տակ: Այդ ժամանակից ի վեր՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային ժառանգության՝ պետական հովանավորությամբ իրականացվող մշակութային ցեղասպանությանը` մշակութային վայրերի ոչնչացման, պղծման և հայկական ինքնության յուրացման բազմաթիվ փաստագրված դեպքերով: Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու՝ վերջերս ավերած արբանյակային լուսանկարները, ի թիվս այլոց, ծառայում են որպես Ադրբեջանի կողմից ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսման վառ օրինակ, որը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ պարտադրում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Մեջբերվել է նաև 2022 թվականի մարտի 10-ի Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանում հայատյացության տարածման համար:

Հարություն Վանյանը նշել է, որ մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ մուտքի իրավունք տրամադրել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը՝ կատարելու կարևորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր, Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակման հետ մեկտեղ, Ադրբեջանի այս գործողությունները վկայում են բնիկ հայ բնակչության ոչնչացման և նրա մշակութային ժառանգության ցանկացած հետք ջնջելու ցեղասպան մտադրության մասին։

Շեշտվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության տեղակայման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծվել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել այդ հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ։




Լրահոս