ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Արցախի Հանրապետությունը թիրախավորվել է Ադրբեջանի կողմից․ ԱՀԱԶԱՆԳ միջազգային գործընկերներիս:
Այսօր՝ ժամը մոտ 11։10-ից սկսած, Ադրբեջանը եւ՛ տարբեր տրամաչափի հրթիռներով, անօդաչուներով, եւ՛ այլ հարվածային զենքերով հարձակվել է Արցախի անպաշտպան ժողովրդի վրա: Հարվածում են Արցախի բոլոր ինքնապաշտպանական դիրքերին եւ հատուկենտ մնացած ռազմական օբյեկտներին:
Կեսօրից Արցախի դպրոցականներն ու մանկապարտեզի սաներն էվակուացվել են դեպի ապաստարաններ, Արցախում կյանքը կանգ է առել: Քաղաքացիները, ովքեր 9 ամսից ավել է, ինչ սոված օրեր են անցկացնում, այժմ գտնվում են կյանքի ու մահվան պայքարում․ խախտվում է նրանց կյանքի իրավունքը:
Խաղաղ բնակչության վրա այս լայնամասշտաբ հարձակումն Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է:
Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այս հանցագործության վրա՝ ակնկալելով հրապարակային կամ այլ ձեւաչափով դատապարտող հայտարարություն Ադրբեջանի հակամարդկային գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև կանխարգելիչ քայլերի իրականացում՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:
Ադրբեջանը պետք է պատժվի իր շարունակական հանցանքների համար»: