ՔԿ-ն Աժ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մասով հարուցել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանն իր «ֆեյսբուք» սոցիալական կայքում, www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտագհաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում եմ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Սոցիալական հարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ներկա պահին ուսումնասիրվում են։

ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը կոչ է անում դրսևորել օրինապաշտ, իրավահպատակ վարքագիծ, զերծ մնալ հակաիրավական, պետության անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից, դրանց դիմելուն ուղղված կոչեր հնչեցնելուց։

Ցանկացած առերևույթ հանցավոր դրսևորման տրվելու է համաչափ քրեաիրավական գնահատական։




Լրահոս