Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար. Արցախի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար: Այդ մասին նշել է Արցախի  ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:
Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:

Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:

Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշված է մեկնաբանության մեջ:




Լրահոս