32 նահատակ, 200-ից ավելի վիրավոր․ Ադրբեջանի ԶՈՒ-ն նպատակ ունի ավարտին հասցնել Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը․ ՀՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ: Այս մասին հայտարարություն  էտարածել ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը։

«Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում կայանված մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապ օգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:

Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին։

Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։ Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Պաշտպանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս