ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՎԱՔԱՐԱՐԸ ՊԻՏԻ ՄԻՆՉԵՎ 30 ՏԱՐԵԿԱՆ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի գետնանցումում միշտ կարելի է հանդիպել մի կնոջ` իր երեխայի հետ, որը անցորդներից գումար է մուրում: Նրա անուն- ազգանունն իմանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն եղան, բայց որոշ մանրամասներ նրա կյանքից, այնուամենայնիվ ճշտեցինք: Ի՞նչն է ձեզ ստիպել մուրացիկություն անել, հարցրեցինք տիկնոջը, որը դժկամորեն, բայց այնուամենայնիվ պատասխանեց`  «Այ աղջիկ ջան, էնքան են եկել- հարցրել, ասել են, որ կօգնեն, եթե պատմեմ, բայց ոչ մի բան մինչեւ էսօր մեր համար չեն արել: Մինչեւ հիմա ես ու էրեխես  փողոցներում ենք, արդեն հոգնել եմ էտ նույն բանը պատմելուց, եթե օգուտ չկա դրանից, ի՞նչ ասեմ»: Իր չներկայանալու պատճառը 41-ամյա տիկինը պատճառաբանեց ոստիկաններից ունեցած վախով. «Առանց էդ էլ չեն թողնում նստեմ, փող հավաքեմ, դրանից հետո վաբշե կսկսեն արգելել»: Իր կենսակերպի մասին խոսելիս էլ նա բավականին ժլատ էր. միայն ասաց, որ վարձով է ապրում: Իսկ թե ինչու՞ է հայտնվել այդ իրավիճակում, չցանկացավ մանրամասնել. «Դե ինչ կարեւոր ա, չեմ ասի, հիմա կարեւորն էն ա, որ տուն չունեմ ու վարձով եմ ապրում Սարի Թաղում, ես եմ ու իմ 5 տարեկան աղջիկը` Լաուրան»: Տիկինն ասաց, որ մետրոյի կայարանն իր հիմնական հանգրվանը չէ: Նա տարբեր տեղերում է նստում, որովհետեւ այդպես ավելի հեշտ է կարողանում գումար վաստակել: Նա օրեկան միջինը 2000-2500 դրամ գումար է հավաքում: Տեղեկացանք, որ տիկինն  աշխատանք փնտրել է` այդ  ծանր վիճակից դուրս գալու համար. ««Երեւան Սիթի», «Սաս», «Սթար» սուպերմարկետներ էլ եմ գնացել` հավաքարարի աշխատանքի խնդրանքով, բայց ասում են, թե ջահել չես: Ու սրանով էս պետությունն ասում ա, որ եթե 30 տարեկանից մեծանում ես, ուրեմն պիտի սոված մեռնես: Մեր նման մարդկանց համար էս պետությունում տեղ չկա. մենակ էն մարդիկ տեղ ունեն, որոնք մի 20 հատ տուն, ավտո ու մի քանի հատ էլ վիլլա ունեն: Մենք ո՞վ ենք, մեզ հաշվի էլ չեն առնում»,- վրդովված ասաց տիկինը: Նա նշեց, որ իր երեխային որոշ ժամանակ առաջ ինչ-որ կազմակերպություն խլել է իր ձեռքից, սակայն հաջողվել է հետ վերցնել. «Ես իմ էրեխուն ոչ մեկին չեմ տալու: Ասում են` էրեխուդ շահագործում ես: Խի, ես էրեխա բերել եմ, որ տամ մանկատա՞նը: Որտեղ որ ես կլինեմ, էնտեղ էլ իմ էրեխեն: Ես հանապազօրյա հաց եմ ուզում էս պետություն կոչվածից, ոչ ավելին»: Իսկ թե ով է խլել երեխային, տիկինը կրկին չմանրամասնեց` ասելով, թե հազիվ է պրծել նրանց ձեռքից:Մուրացիկ կնոջ «ընտանիքը» պետությունից ոչ մի գումար չի ստանում, դիմել է շատ ատյանների`  երեխային նպաստ հատկացնելու համար. «Թուղթ են ուզում բնակության վայրից, բայց խազեյինս չի տալիս, ես ինչ կարամ անեմ, սոված նստեմ տո՞ւնը, թե՞ ընգնեմ զիբիլանոցներից  շիշ հավաքեմ»: 41-ամյա տիկինը սկսեց գոռգոռալ, երբ հարցրեցինք թե ու՞մ  է դիմել օգնության համար. «Մենակ ընտրությունների  ժամանակ են հիշում: Հիմա ինձ չի էլ հետաքրքրում, թե որ մի սեւ շունն ա մեր ղեկավարը, դրանք մենակ հիմա զբաղված են ուրիշ գործերով, ոչ թե ժողովրդի մասին մտածելով: Հազիվ ԱԼՄ են փակում: Ինձ մենակ հետաքրքրում ա իմ էրեխեն, որը պիտի վաղը, մյուս օրը դպրոց գնա ու ես ի վիճակի չեմ ուղարկել»: Մեր զրուցակիցն այդպես էլ անդրդվելի մնաց ու չասաց իր անունը. «Գիտեմ որ իզուր ա, շատ են հարցրել ու գիտեմ, որ հեքիաթ են պատմում, ոչ մեկն էլ չի օգնելու»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս