Դունյա Միյատովիչը դատապարտում է Արցախում ռազմական էսկալացիայի վերսկսումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես դատապարտում եմ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ վերսկսված ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության` հատկապես առավել խոցելի խավերի վրա։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

«Վերջին տարիներին, ինչպես նշված է իմ 2021 թվականի հուշագրում, տեղի բնակչությունը տուժել է տարածաշրջանում ռազմական գործողությունների մարդասիրական և մարդու իրավունքների խախտումների հետևանքներից: Մասնավորապես, նրանք անցյալ տարվա դեկտեմբերից ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով հիմնական ապրանքների և ծառայությունների խիստ պակաս։ Ես խորապես մտահոգված եմ, որ նրանց անվտանգությունը հերթական անգամ վտանգված է, և նրանց իրավունքները ոտնահարվում են՝ ավելացնելով նրանց տառապանքը։

Նշում եմ, որ հայտարարվել է զինադադար։ Կարևոր է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեն՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Կարևոր է երաշխավորել կանոնավոր և անարգել մուտքը մարդասիրական օգնություն տրամադրողներին և տուժած տեղական բնակչության մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողներին:

Շտապ անհրաժեշտություն կա վերականգնել հաշտեցման և երկխոսության ուղին, որը հիմնված է տուժած բնակչության իրավունքների լիարժեք հարգման վրա՝ բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար:

Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու տարածաշրջան՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»- գրել է նա:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս