ՀԱՆՑԱԿԻՑ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին  տեղեկատվություն տարածվեց, որ  Լոռու մարզի  Դարպաս գյուղում սեփական կնոջն ու հորը սպանած    34 ամյա  Մարտին Աբրահամյանը  ձերբակալվել է: Թվում է, թե այդպիսով ավարտվում է  այդ սահմռկեցուցիչ հանցագործության  մեղավորին հայտնաբերելու հարցը: Մինչդեռ դա այդքան էլ այդպես չէ: Խնդիրն այն է, որ սպանությունից մեկ օր առաջ, հավանաբար հարեւանների կամ սպանվածներից մեկի ահազանգով,  ոստիկանության աշխատակիցներն այցելել են  Մարտինի տուն ու  վերջինից ստորագրություն վերցրել այն մասին, որ նա  կդադարեցնի ֆիզիկական բռնություններ  գործադրել  կնոջ նկատմամբ:  Եվ ահա,  դրանից  ընդամենը ժամեր անց` տեղի է ունեցել սպանությունը: Փաստորեն, ստացվում է, որ եթե մարդասպանի տուն այցելած ոստիկանները բավականաչափ զգոն լինեին, նրանք կարող էին կանխել այդ ողբերգությունը: Ի վերջո, ոստիկանությունը պարտավոր էր տեղյակ լինել, որ կնոջ հանդեպ բռնություն կիրառող անձը  հոգեկան շեղումներ ունի: Հետեւաբար, նրանից ստորագրություն վերցնելու ու հանգիստ հեռանալու փոխարեն, ոստիկանության աշխատակիցները պետք է առնվազն մի քանի օր  հսկողություն սահմանեին: Ինչը չի արվել, եւ ինչի հետեւանքը եղավ  մի ամբողջ ընտանիքի կործանումը: Այսինքն, տվյալ դեպքում ոստիկանությունը չի կատարել  իր անմիջական պարտականությունը` կանխել հնարավոր հանցագործությունը:   Սակայն, բնականաբար, դրա համար հայրենի փառապանծ ոստիկաններից ոչ ոք չի պատժվի, անգամ  ծառայողական նկատողություն չի ստանա: Եվ սարսափելին այն է, որ նման դեպքերը բազմաթիվ են: Բավական է վերհիշել միայն վերջին երկու ամսվա ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունները: Օրինակ, «Մենք մերոնցով» թերթի խմբագրի ու նրա ամուսնու դաժան սպանությունը եւս կարող էր տեղի չունենալ, եթե  հանցագործը` տվյալ դեպքում  խմբագրից մեծ գումարներ պարտք վերցրած Վաղարշակ Աբաջյանը, լիարժեք կրեր իր պատիժը եւ բանտից վաղաժամկետ ազատ չարձակվեր:  Հիշեցնենք, որ այս մարդասպանը  1997թ-ին կրկին փորձել էր սպանել իր պարտատիրոջը`  նրան հրդեհելով սեփական մեքենայում, ինչի համար դատապարվել էր 11 տարվա ազատազրկման: Իրավապահ մարմինների թերացումն  առկա էր նաեւ օրերս սեփական հորը սպանած 23ամյա Սիփան Գրիգորյանի դեպքում` վերջինս սպանությունից երեք օր առաջ բանակից ազատվելու նպատակով հոր ջանքերով  «գժի թուղթ» էր ձեռք բերել, որը պարզվեց, կօգնի նրան նաեւ պատժից խուսափելու հարցում: Դե իսկ  Արարատում սեփական զավակներին սպանած 34ամյա Ռոզա Ալոյանի դեպքում էլ  մանկահասակ երեխաները նման եղերական վախճան չէին ունենա, եթե ժամանակին մանկասպանին ամուսնալուծող դատավորը պատշաճ կերպով ուսումնասիրեր Ռոզայի ամուսնու պնդումներն ու երեխաներին չթողներ հոգեկան հիվանդի խնամքին: Այս բոլոր սահմռկեցուցիչ դեպքերը կարող էին եւ չլինել, եթե Հայաստանի իրավապահ համակարգը  քաղաքական պատվերներ կատարելուց զատ  լիարժեք զբաղվեր նաեւ իր անմիջական պարտականություններով:




Լրահոս