Պետք է ամբողջովին բացել Լաչինի միջանցքը, բնակչությունը պիտի սննդի և դեղորայքի հասանելիություն ունենա. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ Սերժիո Ֆրանսա Դենեզեն Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում խորը ափսոսանք հայտնեց լարվածության սրման և բռնության հետևանքով զոհերի և կորուստների կապակցությամբ:

«Բրազիլիան ցավակցություն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին, խորապես ափսոսում ենք, որ վիրավորներ և զոհեր կան նաև ռուս խաղաղապահների շրջանում, դատապարտում ենք միակողմ գործողությունների օգտագործումը, բնակելի տարածքների նկատմամբ հարձակումները, որոնց հետևանքով տասնյակ անձինք են զոհվում, այդ թվում` քաղաքացիական անձինք և ռուս խաղաղապահները, նման հարձակումները վտանգում են փխրուն կայունությունը, որ ձեռք էր բերվել 2020-ի հրադադարից հետո: Ողջունում ենք երեկ համաձայնեցված հրադադարը և կողմերին կոչ անում ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և իրավունքները և խուսափելի իրավիճակի հետագա սրացումից»,- ասաց նա:

Սերժիո Ֆրանսա Դենեզեն նշեց, որ Բրազիլիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Հասկանում ենք, որ ճգնաժամը այն վեճի շրջանակում է տեղի ունենում, որը մի քանի սերունդ արդեն շարունակվել և հազարավոր մարդկանց կյանք է արժեցել` խորացնելով համայնքների միջև անվստահությունը և բացասական վերաբերմունքը, կարևոր է խուսափել վրեժխնդրության տրամաբանությունից, որը չափազանց հաճախ է նախկինում գերակայել և ձեռնպահ մնալ քաղաքական կարգավիճակը ուժով փոխելու փորձերից:

Պետք է ամբողջովին բացել Լաչինի միջանցքը, քաղաքացիական բնակչությունը պետք է առանց խոչընդոտների սննդի և դեղորայքի հասանելիություն ունենա, և այլևս չլինեն էլեկտրաէներգիայի և հիմնական ծառայությունների մատակարարման խափանումներ: Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ` կանխելու մեկուսացումը և հետագա լարվածությունները և բախումները: Մարդասիրական օգնության առաքումը ԿԽՄԿ-ի կողմից` և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով այս շաբաթվա սկզբներին դրական նշան էր: Այն պետք է առանց խոչընդոտների շարունակել: Միայն դիվանագիտությամբ և բանակցություններով, հիմնվելով միջազգային իրավունքի վրա և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա` հնարավոր կլինի տևական խաղաղության հասնել»,- ասաց նա:

Բրազիլիայի ներկայացուցիչը նշեց, որ իր երկիրը վերհիշում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, վերահաստատում իր աջակցությունը ԵՄ կողմից իրականացվող միջնորդությանը, ՌԴ և ԱՄՆ կողմից իրականացվող միջնորդական ջանքերին:




Լրահոս