Որ երկրի ներկայացուցիչն ինչպիսի ելույթ ունեցավ ՄԱԿ ԱԽ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ նիստը։ Նիստի ժամանակ քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը։ Ներկայացնում ենք, թե որ երկրի ներկայացուցիչն ինչպիսի ելույթ է ունեցել երեկ։

ՌԴ-ն շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով հարաբերությունների նորմալացման գործընթացին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ որևէ մեկից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ: Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ իրենք ճանաչել են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Միևնույն ժամանակ, այդ գագաթնաժողովների ավարտական հռչակագրերում, որոնց Երևանը տվել է համաձայնությունը, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների, անվտանգության երաշխավորման թեման պարզապես դժբախտաբար բաց է թողնվել:

Մենք ակնկալում ենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումների արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս շուտ թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում և ապահովել կայունություն ԼՂ բնակիչների առօրյա կյանքում: Մենք ամեն հնարավոր կերպ դրան կաջակցենք։ Մենք պետք է աստիճանաբար ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ Այս գործընթացներին ակտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները:

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես։ Սակայն այս պահին  իրավիճակը տեղում մնում է ծանր: Եվ մենք խորապես մտահոգված ենք ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզ արտահայտվեմ՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Ադրբեջանը նաև միջազգային պարտավորություններ և հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վերճերի խաղաղ լուծման սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Եվ մենք միակը չենք, որ այդպես ենք կարծում։ Այս գործողության հետևաքները հատկապես ծանր եղան, հարյուրավոր վիրավորներ կան, տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ։ Հրադադարը հայտարարվեց երեկ, այն կենսական կարևորություն ուներ և շատ կարևոր է, որ այն պահպանվի։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Ադրբեջանը ընտրել է ռազմական ուժով իրավիճակը փոխելու ճանապարհը։ «Չափազանց շատ մարդիկ են արդեն զոհվել ընդամենը 2 օրվա ընթացքում»։

Ներկայացուցիչը նաև հայտարարեց.«Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունը»։

Գերմանիայի արտգործնախարար

Շվեյցարիան խորապես մտահոգված է ռազմական գործողություններով, որոնք նախաձեռնեց Ադրբեջանը։  ԼՂ բնակչությունն արդեն իսկ մարդասիրական ծանր իրավիճակում էր և կրում էր տառապանք։ Իրավիճակը մնում է փխրուն։ Մենք պետք է չսահմանափակվենք գեղեցիկ բառերով։

Շվեյցարիայի ներկայացուցիչ

Մտահոգված ենք այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը։ Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում, մեր գործընկերների հետ կոչ արեցինք դադարեցնել ուժի գործադրումը։ Բռնության հետագա գործադրումը կթուլացնի փխրուն առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններում։

ՄԹ ներկայացուցիչ

Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը։ Կոչ ենք անում ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները։

Մալթայի ներկայացուցիչ




Լրահոս