
ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում դրանց մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել էին ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։
Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ, 195-րդ հոդվածի 2-րդ մասերով։
Հավաքի մասնակիցների մեկ այլ խումբ, փակելով Խանջյան փողոցը և խոչընդոտելով տվյալ հատվածով ընթացող ավտոմեքենայի ընթացքը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, վնասել դիմապակին: Նշված դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նշված 2 քրեական վարույթների շրջանակներում, նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկական անձ:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց, այդ թվում նաև Խանջյան փողոցում երթևեկած ավտոմեքենայի վարորդի գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։