ԵՄ-ի խիստ արձագանքն ուղղված Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին, ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ցավում է այս սրման հետևանքով առաջացած զոհերի և մարդկային կորուստների համար։ Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան հայտարարությունները, որ ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում»։

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար  օգնության մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով : ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։ ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին անհապաղ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ»։

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»։

«ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների կայունությանը, անվտանգությանը և շարունակմանը: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում անվտանգության իրավիճակի մասին»։

«ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկախ հարցերի շուրջ՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի կնքումը, և լիովին հավատարիմ է մնում նման բանակցություններին աջակցելուն ։Եվրամիությունը լիովին հավատարիմ է կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելուն, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց»:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս