Ռաիսին Թեհրանում կայացած զորահանդեսի ժամանակ խոսել է հայերի իրավունքների և սահմանների անձեռնմխելիության մասին: Հայերի իրավունքները պետք է հարգվեն, իսկ տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անառիկ:
Ինչպես նշել է Ռաիսին, երկրի զինված ուժերը կարող են կանխել աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն և կասեցնել սահմանների փոփոխությունները։ Նա հավելել է, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում անցանկալի է։
Ամեն տարի Թեհրանում անցկացվում է մեծ զորահանդես՝ «Սրբազան պաշտպանության շաբաթվա» կապակցությամբ՝ ի հիշատակ 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի։
Նշենք, որ վերջերս կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին և նրա ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն դեմ են արտահայտվել Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային ուժերի ներկայությանը։
Օֆելյա Հովհաննիսյան