ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ Է ՔԱՐՈԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ կան, որ ամեն նստաշրջանին տարբեր օրենքներ են բերում՝ իբրեւ թե խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում, սակայն խաղամոլության թվերը մեր երկրում շարունակում են աճել, իսկ խաղամոլության գովազդն ու հնարավորությունը մարդկանց հեռուստաէկրաններից ներս է մտել տներ: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է շարքային երեւանցու բնակարանում «Վիվառո» ընկերության կողմից առաջարկվող կոնկրետ շահումով խաղերի հնարավորությունը: Այսինքն՝ խաղամոլությունը մարդկանց տներում է խթանվում, ու հետաքրքիր զուգադիպությամբ խթանվում են միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությունը վայելող «Վիվառո» ընկերության առաջարկած խաղերը: Հեռակառավարման վահանակի միջոցով մտնում ենք հեռուստացույցում առաջարկվող ծրագրերի բաժինը, իջնում ներքեւ, ապա՝ աջ, եւ սեղմում «Վիվառո»-ի առաջարկած պատուհանը. բացվում են խաղեր: Կոնկրետ «Պոկեր»-ը առաջարկվում է դերասան Հովհաննես Ազոյանի դեմքով, մյուսներն այլ լուծումներ ունեն: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է հնարավոր հեռակառավարման վահանակի միջոցով շահումով խաղերը դարձնել հասանելի հենց տնից: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը:

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ԱԺ ամբիոնից խորհուրդ էր տալիս, որ կարելի է այդ ժամանակը օգտագործել՝ համացանցում ինչ-որ բան սովորելով, գիրք կարդալով, բայց հաստատ ոչ տանը նստած կազինո խաղալով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ շահումով խաղերի գովազդը հենց արգելվի լրատվական կայքերում, խաղամոլության դեմ պայքարը կհաջողի:

ՔՊ-ական պատգամավորները, երբ ազատ ժամանակ են ունենում, խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ինչ-որ օրենքներ են բերում: Գեւորգ Պապոյանն էլ ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը: Թերեւս այդ օրենքն էլ դեռ չի գործում. «Վիվառո» անունով հեռուստաալիքը դեռ կա: Մինչդեռ, Գեւորգ Պապոյանը շարունակում է ընդգծել, որ կայքերից շահումով խաղերի գովազդները արգելելը վարչապետի ուղիղ հանձնարարությունն է:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում. Ազգային ժողովի կողմից ընդունված տարբեր սահմանափակումներից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել: Խոսենք թվերով. 2017թ.-ին 138,5 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում, 2018թ.-ին այդ թիվն աճել է՝ դառնալով 333,6 մլրդ դրամ, 2019թ.-ին հատել է 1 տրիլիոնի շեմը, 2020թ.-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ի ամբողջ տարում 3,9 տրլն դրամից ավելի խաղադրույք է կատարվել: 2022թ.-ի հունվարից նոյեմբեր՝ 9 ամիսներին, 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում։ Սա պատմական ռեկորդային թիվ է, ու սա է հեղափոխական թիմի սիրողական պայքարը խաղամոլության դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հայտարարում էր, թե  իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել: «..Բացի այդ, հիմա խաղադրույք կատարելը էդքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Մենք այսօր տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում սենց շա՜տ լուրջ անկում կա»,- պնդել էր վարչապետ Փաշինյանը։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են: Բանն այն է, որ Մակունցը ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ. ինչպես իշխանական մեր աղբյուրներն են պատմում, եթե նախկինում որեւէ հարց էր լինում, դիմում էին Լիլիթ Մակունցին, նա անպայման ընդառաջում էր թիմակիցներին, կատարում էր նրանց խնդրանքը, բայց հիմա Մակունցն այլեւս առաջվանը չէ: Նախկին խմբակցության անդամների հետ չի շփվում, անգամ շատերի զանգերին չի պատասխանում, միայն իշխանական վերնախավի հետ է շփվում, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրան է զեկուցում ամեն ինչ, նրանից է հրահանգներ ստանում, Արարատ Միրզոյանի հետ շփվում է ի պաշտոնե՝ որպես արտգործնախարարի: Սրանից ՔՊ-ականները խիստ վրդովվել են, ասում են, որ երբ աշխատանքային այցով տարբեր երկրներ են գնում, դեսպանները գրկաբաց ընդունում են իրենց, ուղեկցում ժամանցի վայրերով, խանութներով, մինչդեռ Մակունցը շատ դեպքերում չի դիմավորում, սառն է: ՔՊ-ականների համար տարօրինակ է Լիլիթ Մակունցի այս պահվածքը, քանի որ նա թիմում այն քչերից է եղել, որ բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել, մինչդեռ հիմա դարձել է արհամարհող: Պարզվում է՝ Մակունցի հետ իշխանականների հարաբերությունների լարումը այլ՝ ավելի խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Լիլիթ Մակունցի հետ՝ ուղարկելով պաշտոնական գրություն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից կամ այլ գերատեսչություններից, պետական կառույցներից ովքեր են դիմել ամերիկյան «GreenCard» ստանալու համար, եւ արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, թե Մակունցը, տեղյակ լինելով այս ցանկում ներառված անձանց մասին, ցուցակը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե կոնկրետ քանի պաշտոնյա է դիմել խաղարկային ձեւով վիզա ստանալու եւ Հայաստանը լքելու համար: Շուրջ մեկ ամիս սպասելով պատասխանի Լիլիթ Մակունցից, պարբերաբար նրա էլեկտրոնային հասցեին հիշեցումներ ուղարկելով՝ միեւնույնն է, արժանացանք նույն լռությանը, ինչ ՔՊ-ական շատ պատգամավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ՝ ճշտելու, թե ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից կամ այլ գերատեսչություններից, պետական կառույցներից ովքեր են դիմել «GreenCard» ստանալու համար, սակայն մեզ տեղեկացրին, որ դա փակ տեղեկություն է, եւ իրենք իրավասու չեն տրամադրելու: Այսպիսով, իշխանական շատ գործիչներ այս շրջանում շատ են դիմում ԱՄՆ վիզա ստանալու կամ «GreenCard» շահելու համար, եւ  երբ ցանկը  Մակունցը տրամադրել է Փաշինյանին, թիմը լարվել է նրա դեմ:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել քարոզարշավի վերջին շաբաթը «կատաղի» պայքարի դուրս գալ ու ամբողջ ուժերը կենտրոնացնել միայն ու միայն ձայներ հավաքելու վրա՝ չխնայելով ոչ մի մեթոդ: ՔՊ-ն այս շաբաթ իր ամբողջ ծանր հրետանին ոտքի է հանել. նախարարները, բոլոր պատգամավորները մեկ մարդու պես աշխատանքային ժամից հետո պետք է շտապեն քարոզարշավի. անգամ այն պատգամավորները, որոնք մինչ այս չէին մասնակցում քարոզարշավին, այս շաբաթ նրանք էլ ոտքի կելնեն: Բանն այն է, որ որքան ընտրությունները մոտենում են, այնքան իշխանականների վախերն ու անհանգստությունները մեծանում են, քանի որ տարբեր ներքին հարցումներն էլ ցույց են տալիս, որ, առանց վարչական ռեսուրսի կոշտ կիրառման, չեն կարող իրենց ուզած արդյունքին հասնել ու Երեւանում միանձնյա իշխանություն ստանձնել: Նրանց շատ է անհանգստացնում Հայկ Մարությանի բարձր վարկանիշը, որը իջեցնելու համար անգամ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հարցազրույց տվեց Հանրայինով՝ մեկն իր աշխատասենյակում. ԿԸՀ-ից հուշեցին, որ դա ընտրախախտում է, եւ զրույցը կազմակերպվեց Հ1-ի տաղավարում:

 

 

 

 

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 934-Ա որոշմամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատվելու է պաշտոնից։ Սողոմոնյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։ Նա համատեղ սեփականությամբ հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ ավտոտնակ, որոնք ձեռք է բերել 2019 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալ Սողոմոնյանը մեկ բնակարան էլ հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է նրա կողմից։ Ուսումնասիրելով հայտարարագիրը՝ հասկացանք, որ Կենտրոնում գտնվող բնակարանը եւս գնված է հիփոթեքով։ Ծովինար Սողոմոնյանը մինչ պաշտոնը ստանձնելն ունեցել է մեկ մեքենա՝ 2001 թվականի արտադրության, HONDA մակնիշի, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թվականին, նա 1մլն 900 հազար դրամով ձեռք է բերել 2015 թվականի արտադրության, HYUNDAI մակնիշի մեքենա։ Սողոմոնյանի բանկային ավանդները կազմել են 2 հազար 500 դոլար եւ 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 464 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 211 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Նախկին տեղակալի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 54 մլն 310 հազար դրամ, որը 2 բնակարանների եւ մեկ ավտոտնակի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Վարկի մարմանն ուղղել է 7 մլն 379 հազար դրամ։ Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը նախկինում եղել է ֆինանսատնտեսագիտական վարչության պետ ՀՀ կառավարության աշխատակազմում, դրանից հետո նա եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Շարունակելով տեղակալի կարիերան՝ նա նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ։

 




Լրահոս