«ՄՈՆԱՐԽ»-Ի ԱՐՄԵՆՆ ՈՒ ԻՐ ՓԵՍԱՆ ՇՏԱԲՆԵՐ ԵՆ ԲԱՑԵԼ ՔՊ-Ի ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն մարդիկ, որոնք մայրաքաղաք Երեւանում շինարարական բիզնես ունեն, իշխանության հետ սերտ համագործակցում են, տարբեր ճանապարհներով օգնում են նրանց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում, որպեսզի շինթույլտվությունների հարցերը հեշտությամբ կարգավորեն: «Մոնարխ»-ի Արմեն Գինոսյանն ու նրա փեսա Արմեն Արչի-Սարդարյանը Կենտրոնի թաղապետի միջոցով են փորձում իրենց հարցերը կարգավորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, թե ովքեր են շրջում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ՝ որպես թիկնապահներ: Նրանք թաղային դեմքեր են, որոնց անունը շրջանառվել է այս կամ այն քրեական պատմության համատեքստում (Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկը եւ ալավերդյանցի Բոյովը, ինչպես նաեւ շինարարական բիզնեսով հետաքրքրված Արմեն Արչի-Սարդարյանը, որը շինթույլտվությունների խնդիր ունի): Նրանք Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Աբովյան 22 հասցեի բակում էին թաղապետի հետ՝ իբրեւ թե ստուգելու արված աշխատանքները: Իսկ ինչո՞ւ էր գործարար Արմեն Արչի-Սարդարյանը, որը հայտնի եւ հաջողակ գործարար Արմեն Գինոսյանի փեսան է, Կենտրոնի թաղապետի հետ թիկնազորի դերում շրջում: Նա շինարարական բիզնեսի մեջ է, շինթույլտվությունների խնդիր ունի, դրա համար էլ Կենտրոնի թաղապետի հետ է մշտապես եւ ՔՊ-ի համար երկու նախընտրական շտաբ է բացել Երեւանի կենտրոնում, որոնց բոլոր ֆինանսական ծախսերը անում է անձամբ: Այդ շտաբների դիմաց մշտապես խցանումներ են, թանկարժեք ավտոմեքենաները կանգնում են երկրորդ՝ չթույլատրված գծում, խախտում երթեւեկության կանոնները, բայց իրավապահները դա չեն նկատում: Նկատենք, որ նույն Արմեն Արչի-Սարդարյանը նախկինում՝ 2018-ին, նախընտրական շտաբներ էր բացել եւ աշխատում էր Դավիթ Սանասարյանի համար, վերջինիս թանկարժեք նվերներ էր փորձում տալ: Նրա աները՝ Արմեն Գինոսյանը, որ օգնում է փեսային շտաբների ձեւավորման, ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործում, խոշոր գործարար է: Նրան է պատկանում Աբովյան-Պուշկին խաչմերուկի վրա գտնվող «Ալեքսանդր» լյուքս դասի հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, որտեղ 2018թ.-ին նշվել էր Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյակը: Գինոսյանին է պատկանում նաեւ «12 ակումբը», «Մոնարխ» շինարարական ընկերությունը: Գինոսյանը նաեւ զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ: Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնի թաղապետին, ապա մամուլը գրել էր. «Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանն իր մարդկանց հետ ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Մեր տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու»: Իսկ ավելի ուշ՝ օգոստոսի 19-ին, Շամշյանը հրապարակեց, որ Երեւանում՝ Պուշկինի 38 հասցեում գործող «Յասսու» ռեստորանային համալիրում, «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։ Տեսանյութ է առկա, որտեղ երեւում է, թե ինչպես է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում մի տղայի գլխին:

 

 

 

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: Օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությունից՝ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն  աշխատանքի է տեղավորել: Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանն Ալեն Սիմոնյանի օգնականն էր 2018թ.-ին ձեւավորված խորհրդարանում: 2021թ.-ի ընտրությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը նրան տեղավորեց ՔՊ ցուցակում, եւ նա պատգամավորի օգնականից պատգամավոր դարձավ: Ամենաարտոնյալ պատգամավորներից է, ամենաշատ գործուղումների մեկնողը: Այս ընթացքում Հասմիկ Հակոբյանը հասցրել է՝ 1. հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում, 2. իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի, 3. քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ, 4. իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը, 5. Իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին: «Ժողովուրդ» օրաթերթն, իհարկե, այս առիթով մեկնաբանություն վերցրել է Հասմիկ Հակոբյանից, որը, բնականաբար, չի հերքել մեր տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված: Իսկ 2018թ.-ից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչեւ հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ. բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ, իսկ հիմա նման խնդիր չկա դրված»: Նիկոլ Փաշինյանը իսկապես շեղվել է հեղափոխական արժեքներից, եւ հիմա բոլոր փաստերը ցույց են տալիս, որ նա ստում էր: Հասմիկ Հակոբյանը փաստացի իրեն պահում է նախկիններից ավելի վատ՝ անպատիժ եւ արտոնյալ:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանին, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին եւ էլի մի քանի պաշտոնյաների Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատել աշխատանքից սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո: Մինչեւ հիմա իշխող թիմը ՀՀ արդարադատության նախարարի թեկնածու է փնտրում: Իշխանական շրջանակներում առկա տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՀՀ արդարադատության նախարարին որպես հավանական փոխարինող թեկնածու քննարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տարբերակը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետն էլ շուտով լրանում է, եւ նրան նոր աշխատանքի տեղավորելու խնդիրը միանգամից կլուծվի՝ Գրիգոր Մինասյանին փոխարինող նշանակելով: Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ժամանակը ցույց կտա:

 

 

 

Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ, եւ օրեր անց պարզ կդառնա՝ ընտրապայքարին միացած քաղաքական ուժերից ով ինչքան ձայն է հավաքելու: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը եւ քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն: Այն, որ Մարությանը չի կարող հավաքել բավարար ձայներ ու դառնալ քաղաքապետ, պարզ է նույնիսկ իր համար ամենալավատեսական հարցումների արդյունքներից, որոնք արվել էին նրա կողմից քաղաքապետի պաշտոնը լքելու պահին եւ այս տարվա սկզբին. հիմա նրա բարձր վարկանիշը զգալի անկում է ապրել: Եթե մեր տեղեկությունները հաստատվեն (իսկ դրանք ճշտելու համար մենք չունենք հնարավորություն, քանզի Մարությանն ու իր թիմը չեն արձագանքում մեր զանգերին, եւ առիթ էլ չունենք կասկածելու մեր տեղեկությունների աղբյուրների վրա), ապա Մարությանը, կարծես թե, եկել է խաղալու հերթական շոուն եւ հեռանալու:

 




Լրահոս