Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի երկու որդիները խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, երկուսն էլ՝ նույն հոդվածով։
Ա. Նուշիկյանը, օգտագործելով իր անձնական կապերը, կեղծ բժշկական թղթերի հիման վրա՝ ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից իր որդիներին՝ Նորայր եւ Ռոբերտ Մարուկյաններին։ Այս լուրերը փորձեցինք ճշտել հենց պրոռեկտոր Անժելա Նուշիկյանից, որն այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է։
-Կեղծ փաստաթղթերի մասով… Ես ոչինչ չեմ կեղծում, ընդունակ չեմ կեղծելու որեւէ բան։ Մեծ տղաս 2 փուլով անցել է հետազոտություններ, եւ առաջացած խնդիրներն ինձ համար եւս անակնկալ էին: Պատահական ենք իմացել, ինձ համար անսպասելի էր, որ որդիս սրտի առեթմիա ունի։ Այս լուրերը սխալ տեղեկատվություն են, եւ միայն իմ անձի դեմ չէ այդ ամենը, այլ անվստահություն է ե՛ւ իմ, ե՛ւ բուժանձնակազմի, ե՛ւ «կամիսիա» անցկացնողների նկատմամբ, որոնց արարքը վերագրում են։ Ես այդ ընթացքում պաշտոն չեն ունեցել, պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականին որպես պրոռեկտոր։ Իսկ իմ տղան էդ ստուգումներն անցել է 2017, 2018 թվականներին, եւ պաշտոնի հետ դա կապ ունենալ չի կարող։
-Իսկ Ձեր փոքր տղան ինչպե՞ս է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
– Փոքր տղաս 4 փուլով է անցել հետազոտություն: Ես չգիտեմ՝ ինչքան ծանոթներ պետք է ունենանք, որ էդ քանակի թղթերը կեղծեմ։ Դա լկտի սուտ է։
-Ի՞նչ պատճառներով է ազատվել Ձեր փոքր որդին։
-Մեծ տղայիս մոտ սրտի առեթմիա է, իսկ փոքր որդուս ախտորոշումը գիպերտենզիան է. բարձր եւ ստատիկ ճնշում ունի որդիս։ Եթե լարված իրավիճակներ են լինում, նրա ճնշումը կարող է բարձրանալ՝ հասնելով 170-180-ի։ Անկախ զինկոմիսարիատի բժշկական ստուգումներից՝ մենք որդուս տարել ենք առանձին ստուգումների եւս՝ պարզելու, թե ինչ պատճառով է լինում դա։ Պարզեցինք, որ դա գենետիկ բնույթ է կրում։
-Տիկի՛ն Նուշիկյան, Ձեզ մեղադրում են հենց այդ փաստաթղթերը կեղծելու համար։
-Ես կարող եմ ասել, որ ես այդ հնարավորությունները չունեմ, եւ այս ժամանակաշրջանում, կարծում եմ, սա անհնար է, եւ լինելու դեպքում դրա մասին կիմանային բոլորը։ Կարծում եմ նաեւ, որ շատ լավ բոլորս գիտենք, թե դա ինչ գումարների հետ է կապված. այդ գումարները օդից չեն ընկնում։ Ճշմարտությունը մեկն է. այդ փաստաթղթերը կեղծված չեն։
-Տիկի՛ն Նուշիկյան, իսկ Ձեր փոքր տղան ե՞րբ է անցել այդ ստուգումները։
-Փոքր տղաս այդ ստուգումները անցել է 2020 թվականի վերջից, եւ վերջին ստուգումը եղել է 2022 թվականի գարնանը։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը։
Այն նույն Բաղրամյան 26-ում է, որը 2018-ի հեղափոխությունից հետո բացել էր դռները, եւ հայտարարում էին՝ Բաղրամյանի այգում կարող են քաղաքացիները զբոսնել. հիմա ճաղավանդակները նորից զոդված են:
Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ վերանորոգումը սկսվել է 2023 թվականի մայիսի 8-ին եւ պիտի ավարտվեր սեպտեմբերի 5-ին: Արդեն սեպտեմբերի 13-ն է, իսկ Փաշինյանը դեռ չի տեղափոխվել։
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքում նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, ինչի պատճառով էլ Փաշինյանը դեռ Բաղրամյան 26-ում է։
«Դեռ չի վերադարձել, աշխատանքները ընթացքի մեջ են, բայց վարչապետը մոտ ժամանակներս կվերադառնա նախկին նստավայր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՉԻ ՎՃԱՐԵԼ
Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը հայրենյաց» կուսակցությունում արդեն տեւական ժամանակ իսկական քաոս է տիրում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության աշխատակիցներին ամիսներով աշխատեցնում, սակայն չեն վճարում:
Հատկապես այս նախընտրական շրջանում կուսակցությունը տարբեր աշխատակիցների է ներգրավել քարոզարշավի հետ կապված աշխատանքներում, սակայն նրանց չեն վճարում, աշխատակիցներն էլ ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո հեռանում են:
Թերեւս սա է պատճառը, որ կուսակցությունն ամիսը մեկ մամուլի քարտուղար է փոխում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ կուսակցությունից. զանգահարեցինք նախկին խոսնակներից մի քանիսին, պարզվեց, որ նրանք բոլորն էլ դուրս են եկել աշխատանքից ու այլեւս կապ չունեն կուսակցության հետ:
Փորձեցինք նաեւ ճշտել պատճառը, սակայն չցանկացան մեկնաբանել:
Ստացվում է, որ «Ուժը հայրենյաց»-ում ամիսը մեկ նոր աշխատակից են ընդունում, սակայն չեն վճարում:
Ք. Մ.
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-Ը՝ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սկանդալները գնալով մեծանում են: Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն դուրս է եկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի դեմ: Իսկ ի՞նչն է պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պահանջելով, որ 20.06.2023թ. թիվ 1112-Ա հրամանը վերացնի եւ բարենպաստ վարչական ակտ կայացնի ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավ-արեւմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տալու մասին: Այսինքն՝ նախարարությունն արգելում է «ՄԼ Մայնինգ»-ին ավազ արդյունահանել, իսկ գործարարը ցանկանում է նպատակին հասնել դատարանի միջոցով: Շինարարական այդ խոշոր ընկերության դեմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ տարբեր մարզերի տարբեր համայնքների ղեկավարներ են դատական հայցեր ներկայացնում: Օրինակ՝ Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել եւ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին որոշումը փաստացի չեղարկել: Այսինքն՝ ընկերությունը փաստացի ինչ-ինչ եղանակով ստացել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որը հիմա համայնքների ղեկավարները հետ են պահանջում: Այն, որ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը արտոնյալների շարքում է ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, փաստ է: Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «ՄԼ Մայնինգ»-ին: Նշենք, որ ընկերությունը, բացի կառուցապատման եւ շինարարական աշխատանքներից, զբաղվում է նաեւ ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Դրանից առաջ էլ նույն ընկերությունը արտոնություն ստացավ 2018թ. հունվարի 25-ին՝ 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատվելով: Երկու արտոնություն էլ ստացել էր 2017թ.-ին՝ հունիսին եւ օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել այս ընկերության գործունեության մասով, որին կանդրադառնանք առաջիկայում։