«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել եւ ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից անվտանգային իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների վրա։
Ըստ աղբյուրի՝ Վահե Գեւորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված՝ Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության անմարդակին շրջափակումը եւ մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը, որն ուղեկցվում է առանցքային ենթակառուցվածքների՝ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման դիտավորյալ արգելափակմամբ, հանգեցրել է ծայրահեղ հումանիտար ճգնաժամի, որով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղը ենթարկել ամբողջական էթնիկ զտման։
«Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հայերի դեմ տասնամյակներ շարունակվող ատելության հրահրման, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ավելի լայն պատկերի եւ էության մի մասն է, որոնք ցեղասպանական մտադրության նախազգուշացնող նշաններ են», – նշել է Վահե Գեւորգյանը։
Նշենք նաեւ, որ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ականջալուր լինի միջազգային հանրության կոչերին եւ անվերապահ իրականացնի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած եւ հուլիսի 6-ին վերահաստատած որոշումը՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը եւ ապահովելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։
Վահե Գեւորգյանը նշել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիության անխոչընդոտ ապահովման եւ միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության հրատապությունը։
Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեղաշարժերը եւ կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի։
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայունության եւ տեւական խաղաղության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն հնարավոր է կյանքի կոչել միայն ուժի կամ դրա ապառնալիքի եւ մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների բացառման պայմաններում:
Հավելենք, որ ելույթում նաեւ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման ուղղությամբ հատուկ միջազգային ջանքերի եւ Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ երկխոսության ամուր միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա շոշափելի արդյունքներ ապահովել գործընթացում։
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է նաեւ նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Լուսինե Ավանեսյանը:
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ՞ ՍԿՍՎԻ
Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանը բացառում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրման համատեքստում պատերազմ սկսելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, այս մասին նա ասել է Թեհրանում կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը։
«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- հայտարարել է նա:
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխություն։
«Հետեւելով գործընթացին` մենք տեսնում ենք, որ ոչ մի կոնկրետ իրադարձություն տեղի չի ունենա»,- վստահեցրել է նա:
ՄԻՇԵԼԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«2023թ. սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն ուրվագծված տարրերին եւ առաջարկներին համահունչ՝ նախագահ Միշելը շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ եւ այլ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը եւ Արցախի հայերի առջեւ ծառացած հումանիտար իրավիճակին»,- հայտարարել է ԵՄ նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության անհրաժեշտությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ խոսելով Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական մարդասիրական մեքենայի մուտքի մասին Ստեփանակերտ՝ Միշելը նշել է, որ Բաքվի, Երեւանի եւ ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ նրա գրասենյակի եւ Տոյվո Կլաարի ամենօրյա աջակցությամբ իրականացվող ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը եւ Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիության ապաշրջափակման համար լուծում մշակելուն:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
44-օրյա արյունալի պատերազմից անմիջապես հետո հայրենի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսեցին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնաց նշանակվեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական հարաբերությունների հարցով պարբերաբար հանդիպումներ էր ունենում ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, թուրք բանագնաց Սերդար Քըլըչի հետ։
Մինչ օրս Ռուբինյանը եւ Քըլըչը չորս հանդիպում են ունեցել. առաջին հանդիպումը կայացել է 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը՝ փետրվարի 24-ին, մայիսի 3-ին եւ հուլիսի 1-ին Վիեննայում։
Ավելին՝ իրենց վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները:
Իսկ արդեն այս տարվա սկզբին՝ փետրվարի 11-ին, 1993թ.-ից ի վեր առաջին անգամ բացվեց հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը՝ Հայաստանից դեպի Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու համար, ինչից հետո կողմերը հայտարարեցին, որ աշխատանքներ են սկսելու կամուրջը վերակառուցելու համար, որպեսզի այն անխափան գործարկվի:
Սակայն մինչ օրս ոչ միայն հայ-թուրքական սահմանն է փակ մնում, այլ նաեւ կարծես երկու երկրների միջեւ բանակցություններն են կանգ առել. սրա մասին է վկայում նաեւ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացները վերջին անգամ մեկ տարի առաջ են հանդիպել:
Չնայած այս փաստերին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը պնդում է, որ բանակցությունները չեն դադարել, պարզապես ժամանակացույցի խնդիր կա: «Առանձնապես որեւէ խնդիր կամ խոչընդոտ չկա, բանակցությունները շարունակվում են, ինչ-որ փուլում են: Բանագնացների հանդիպումներն էլ չեն դադարել, հավանաբար, հանդիպումների ժամանակացույցն է փոխվել: Մենք շարունակում ենք մեր ջանքերը, որպեսզի հայ-թուրքական երկխոսությունն ակտիվանա»,-ասաց Արսենյանը:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ