ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ԱԺ-ից:

 

««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիազորող նորմերը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջարկվում է օրենքից հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:

Բացի այդ, անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում՝ առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական համաձայնագրի դրույթներն իրագործելու համար, իսկ Կառավարությանն էլ առաջարկվում է լիազորել սահմանելու այդ գործընթացի առանձնահատկությունները:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Հավելենք, որ հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, տեղեկացրել է, որ Կառավարության ներկայացրած բովանդակային փոփոխությամբ այսուհետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղորայքը կստանան ոչ թե 50 տոկոս զեղչով, այլ անվճար:

««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերը փոխարինել համալիր ծրագրով, ընդ որում` 2017-2021 թվականների ռազմավարական պլանավորման գնահատման արդյունքների եւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի ավարտից հետո նաեւ նշված ծրագրի գնահատման արդյունքների հաշվի առնմամբ սահմանել ոլորտային ընդգրկուն միջոցառումներ, որոնք անդրադարձ կկատարեն երեխայի բոլոր իրավունքների իրացմանը եւ պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ հստակ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նշենք նաեւ, որ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է սեպտեմբերի 12-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

Մեկ տարի առաջ՝ այս օրը, Ադրբեջանը սկսեց ինտենսիվ ռմբակոծել Ջերմուկի մատույցները:

Կեսգիշերն անց սկսել էին ռմբակոծել քաղաքը շրջապատող սարերն ու հարակից տարածքը. ռմբակոծությունը տեւել էր 2-3 ժամ: Ադրբեջանական զինուժի կրակի հետեւանքով հրդեհ էր բռնկվել Ջերմուկի անտառներում: Իրավիճակը հետագայում ավելի լարվեց. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ էին վարում՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հայտարարեց, որ սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել կամ անհետ կորել է 210, վիրավորվել՝ 293 զինծառայող, անհետ կորածների թիվը 28 է։

Չնայած հանկարծակիի գալուն՝ քաղաքի բնակչությունը շատ արագ պատսպարվեց ապաստարաններում, բնակչության մեծ մասը տարհանվեց, մոտակա մի քանի օրերին էլ քաղաք էին անընդհատ այցելում միջազգային կազմակերպությունները:

Ավելի ուշ քաղաքն անցավ իր բնականոն կյանքին, սակայն ադրբեջանական կողմը մինչ օրս շարունակում է իր սադրանքները:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲԱՅՐԱՄՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ ճեպազրույցում հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները ներկայումս փակուղում են Հայաստանի սադրանքների պատճառով:

«Ցավոք սրտի, այս պահին մենք տեսնում ենք լճացում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում, եւ դրա պատճառը Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ խամաճիկ ռեժիմի ներկայացուցիչների խիստ սադրիչ հայտարարություններն ու գործողություններն են»։

Որպես սադրանքի օրինակ՝ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը բերել է սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում կազմակերպված ընտրությունները, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Ղարաբաղի անկախության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։

Անցյալ տարի Երեւանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Այս տարվա մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։

Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։

Ինչպես ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը, Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Երեւանը չփոխի իր դիրքորոշումը։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԵՆԴՐՈՊԱՐԿԸ

Շրջակա միջավայրի նախարարության կազմում գործող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Տեր-Սիմոնյանը օգոստոսի 18-ին հրաման է ստորագրել Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատելու, նրա հետ 2006 թվականին կնքված պայմանագիրը լուծելու մասին: Մեխակ Սայադյանը աբսուրդ է համարում, որ տարվա կեսին հաստիքացուցակ են փոխել։ Մ. Սայադյանի կինը եւ գործընկերը՝ Նարինե Ներսիսյանը, որը ղեկավարում է Իջեւանի դենդրոպարկի մի մասի տարածքը երկարաժամկետ վարձակալած «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն, հանցագործության մասին լրացուցիչ հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, հայտնել այն մասին, որ ոռոգման ջրի բացակայության հետեւանքով դենդրոպարկում չորացած ծառերը հիվանդացել են, ի հայտ են եկել վնասատուներ, որոնք վնասել են դենդրոպարկի առողջ ծառերը, «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում հազվագյուտ, արժեքավոր ծառերը, թփերը, տնկիները, դենդրոպարկին հարակից տարածքում գտնվող իրենց տան բակի ծառերը, նաեւ դենդրոպարկին հարակից անտառի ծառերը։ Նարինե Ներսիսյանն իր դիմումում հայտնել է, որ վնասատուներից արդեն չորացել են իրենց տան բակում գտնվող, 4 մետր բարձրություն ունեցող 6 հատ սյունաձեւ  թուաներ, թաղարներում աճեցվող 60 հատ կովկասյան եւ ղրիմյան սոճիներ, 6 հատ արծաթափայլ եղեւնի, գիհիներ, ուռենիներ եւ այլն. առայժմ վնասը կազմում է 2 միլիոն 100 հազար դրամ։

Մեխակ Սայադյանը հայտնում է, որ շրջակա միջավայրի՝ իրար փոխարինող նախարարները, ինչպես նաեւ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենները, փոխանակ միջոցներ ձեռնարկեին Իջեւանի գինու կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունում  ապօրինի կատարված շինարարության հետեւանքով Իջեւանի դենդրոպարկի ջրազրկման հետեւանքները վերացնելու ուղղությամբ, «ելքը»  գտան այգու վարձակալ «Կանաչ Սիֆոնիա» ՍՊԸ-ին ֆինանսական եւ բարոյական վնասներ հասցնելու մեջ, որի հետեւանքով առկա է չորացող եւ վերացող բուսաբանական այգի՝ դենդրոպարկ։ Դենդրոպարկում չորացած 1500-ից ավելին ծառերը, թփերը, 24 հազար տնկիները չհեռացնելու հետեւանքով (չորացածները փտում են) այգում տարածվել  են վնասատուներ եւ հիվանդություններ։

Մ. Սայադյանն ասում է. «Փորձում ենք տարբեր քիմիկատներով կանգնեցնել հիվանդությունների եւ վնասատուների տարածումը, բայց բարձրաբուն՝ մինչեւ 30 մետր հասնող ծառերին քիմիկատներ սրսկել հնարավոր չի լինի»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս