Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները կապի մեջ չեն ստորագրված կամ հայտարարված որեւէ ուրիշ պայմանավորվածության հետ: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Անդրադառնալով հարցին, որ, ՌԴ դիրքորոշմամբ, ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր՝ Փաշինյանն ասաց, որ այդ առաջարկությունը 2022թ. հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին տարածաշրջան էր բերել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ներկայացրել էր ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին: «Դրանից հետո ՌԴ ներկայացուցիչը՝ Խովաեւը, տարածաշրջան է եկել 2022թ. սեպտեմբերին՝ ստանալու Հայաստանի եւ Ադրբեջանի արձագանքը: Առաջինը այցելել էր Ադրբեջան, Ադրբեջանում եղել է սեպտեմբերի 11-12-ին, Հայաստան է եկել սեպտեմբերի 13-ին, սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն Հայաստանի գրավոր եւ բանավոր դիմումներին՝ կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները, չեն արձագանքել: ՀՀ-ն դրական է արձագանքել ՌԴ առաջարկին, որը ներկայացրել էր Խովաեւը»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա:
«Այդ որոշումը Հայաստանի Հանրապետությունն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, նրանք ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի ինքնիշխան պետություն»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարող է Պրահայի հոկտեմբերի 6-ի համաձայնությունն անմիջական կապ կամ ազդեցություն ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարության վրա՝ վարչապետը պատասխանեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ անդրադարձ չկա ԼՂ կարգավիճակին: «Այն պարտավորությունները, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կապի մեջ չեն որեւէ ուրիշ փաստաթղթի, պայմանավորվածության հետ՝ ստորագրված կամ հայտարարված»,- նշեց նա:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ չէ: «Ես հայտարարում եմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է»,- նշեց վարչապետը:
Նա նկատեց՝ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Ալմաթիի հռչակագրից տասնյակ տարիներ անց, ուրեմն Ալմաթիի հռչակագրին արված որեւէ հղում չի կարող ազդել եռակողմ հայտարարության վրա: «Ավելին ասեմ՝ եթե ԼՂ-ի՝ միջազգային օրենքներով Ադրբեջանի մաս ճանաչելը խոչընդոտ է եռակողմ հայտարարության համար, ուրեմն այդ խոչընդոտը ստեղծել է ՌԴ-ն, որովհետեւ ՌԴ-ն է, որ 2020-ի դեկտեմբերին եւ նոյեմբերին հայտարարել է, որ ԼՂ-ն միջազգայնորեն Ադրբեջանի մաս է»,-ասաց վարչապետը:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԼԻՆԻ՞
«Ապրելու երկիր» կուսակցությունն ավագանու ընտրությունների իր քարոզարշավը կեզրափակի քայլերթով եւ մամուլի ասուլիսով: «Ժողովուրդ» օրաթերթը կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանից տեղեկացավ, որ վաղը՝ սեպտեմբերի 15-ին, ամփոփոփիչ մամուլի ասուլիսով հանդես կգա «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը, այնուհետեւ կուսակցությունը Երեւանում ավտոերթ կանի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ ավագանու ընտրությունների քարոզարաշավը կեզրափակի բակային այցելություններով:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանից. «Հանրահավաքը եզրափակելու ենք այնպես, ինչպես սկսել ենք՝ բակային հանդիպումներով եւ այցելություններով. առանձնահատուկ բան չունենք կազմակերպած։
Մեծ հանդիպում կազմակերպել էինք նախորդ շաբաթ օրը, հիմա կշարունակենք բակային այցերը»:
Հիշեցնենք, որ այսօր արդեն քարոզարշավի վերջին օրն է. դրան կհաջորդի լռության օրը, իսկ արդեն սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երեւանի ավագանու ընտրություններ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 14-ին 9 բուժառու ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, 6-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ԵՐԱՍԽՈՒՄ
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարել Երասխի տարածքում՝ ներառյալ Պողպատի գործարանը՝ հետեւելու անվտանգությանն եւ ռազմական ցանկացած զարգացմանը. այս մասին X-ի պաշտոնական հարթակում հայտնել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը:
«Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով եւ անվտանգ միջավայրին»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԿՐԵՄԼԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Կրեմլը խոստովանել է, որ չի հասկանում հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու կամ չեղարկելու՝ Եվրամիության որոշումների տրամաբանությունը։
«Մենք չենք հասկանում ո՛չ բուն պատժամիջոցների տրամաբանությունը, ո՛չ էլ պատժամիջոցների վերացման տրամաբանությունը: Եվ դժվար թե որեւէ մեկը կարողանա բացատրել այդ տրամաբանությունը հենց Եվրոպայում», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ, Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, Ռուսաստանի քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները երկարաձգվել են եւս կես տարով։ Այս պահին սեւ ցուցակում է 1800 ֆիզիկական եւ իրավաբանական անձ։
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ վարչապետը կարեւորել է նրա այցը Հայաստան եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների բարեկամության ամրապնդման գործում ներդրման, հատկապես՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրավիճակին Ֆրանսիայի արձագանքը մեր ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է: Վարչապետն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռեւս ԼՂ ժողովրդին չի հասել, եւ բարձր է գնահատել ֆրանսիական կողմի քայլերը:
Ժան-Լուի Բուրլանժը եւս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին եւ ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետեւանքով ստեղծված լարվածությանը, ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր: