Լուսանկարն արվել է Արցախում
Արցախում համաճարակի վտանգ կա: Անահիտ Արզումանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Արցախում ոչ միայն հացի ու սննդամթերքի խնդիր կա, այլ նաեւ համաճարակի վտանգ։ Դիզվառելիքի բացակայության պատճառով արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում աղբահանություն չի իրականացվում։ Քաղաքի տարբեր հատվածներում աղբի կույտեր են գոյանում, ու գարշահոտությունը տարածվում է հարակից տարածքներում։ Բացի այդ, մի քանի օր հաց չունենալու խնդրին որպես լուծում կրկին մեկնարկել է հացի կտրոններ տրամադրելու գործընթացը։
ԿՈՌՈՒՊՑԻԱ
ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում Կոռուպցիայի ընկալման համաթիվը:
Զոհրաբ Սայադյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գնահատում եւ դասակարգում է պետությունները/տարածքները՝ ելնելով այն բանից, թե երկրի հանրային ոլորտը (պետական եւ համայնքային մարմիններ) որքանով է ընկալվում որպես կոռումպացված: Այն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է իրենց բնագավառներում ճանաչում ունեցող մի շարք կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների եւ գնահատումների` կոռուպցիային առնչվող տվյալների համադրությամբ:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԿԸՀ-ն կոռուպցիայի վերաբերյալ աշխարհում ամենից լայնորեն գործածվող ցուցանիշն է:
ՎԻԶԱ
ՀԱՐՑ. Ո՞րն է Շենգեն վիզայի եւ ազգային վիզայի միջեւ տարբերությունը:
Գայանե Առաքելյան (23 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Շենգենյան վիզան (C տեսակ) տրվում է Շենգեն գոտու անդամ երկրներից որեւէ մեկի կողմից եւ վավեր է Շենգենյան երկրներում կարճ ժամանակահատվածով մնալու համար՝ սահմանափակված մինչեւ 90 օր 180 օրվա ընթացքում:
Եվրոպական օրենսդրությամբ այդպիսի վիզաների ստացումը եւ թողարկումը կատարվում է նպատակավայրի երկրի հյուպատոսության կողմից: Մի քանի Շենգենյան երկրներ ճամփորդելու դեպքում հիմնական նպատակավայրը որոշվում է ճամփորդության նպատակով կամ մնալու տեւողությամբ: Շենգենյան երկրում մնալու ծառայողական պատճառները գերակշիռ են դրա՝ այլ երկիր զբոսաշրջության, ընտանեկան կամ մասնավոր հիմքով այցելությունների նկատմամբ:
«ԹիԷլԷսկոնտակտ» ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգային երկարաժամկետ վիզան (Dտեսակ) վավեր է միայն վիզա տրամադրող երկրում հաստատվելու կամ ավելի քան 90 օր մնալու համար: Ազգային վիզան, այնուամենայնիվ, թույլ է տալիս տարանցել այլ Շենգեն երկրների միջով, եւ որոշների համար (Իտալիայի քաղաքացու երկարակյաց ամուսին, աշխատողներ, ուսանողներ կամ այցելուներ) այն նաեւ թույլ է տալիս ազատորեն ճամփորդել Շենգեն գոտու ողջ տարածքում: