ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 21-ին խորհրդարանի ընդդիմությունը պատգամավորների 1/5-ով դիմել էր Սահմանադրական դատարան:
Տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանը մի խայտառակ որոշում է հրապարակել, որի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ:
-Աժ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդով դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան, որով պահանջել էինք, որ կանոնակարգի այն նորմերը, որոնք որ հանձնաժողովի նախագահների եւ տեղակալների հարցերը վերապահում են մեծամասնության քվեարկությանը, այսինքն՝ մեծամասնության որոշմամբ պետք է նշանակվի եւ ընտրվի, այս կարգավորումը ճանաչել օրենսդրությանը հակասող եւ անվավեր, քանի որ, Սահմանադրության պահանջի համաձայն, պաշտոնները բաշխվում են խմբակցությունների միջեւ՝ իրենց ներկայացրած թիմին համապատասխան։ Եթե խմբակցությունը ստանում է որեւէ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակման իրավունք, անկախ քաղաքական մեծամասնության ցանկությունից, այդ որոշման իրավունքի տերը խմբակցությունն է։ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է, որ խմբակցությունը ընդամենը թեկնածու է առաջադրում։ Մենք համարում ենք, որ այս նորմը հակասում է Սահմանադրությանը, եւ խմբակցությունը, որին վերապահված է այդ տեղը, ինքն իր որոշմամբ նշանակվում է, եւ մեծամասնությունը պետք է հաշվի նստի այս որոշման հետ։ Մարտի 28-ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ ընդունել է վարույթ, նշանակել է գործի քննության ժամկետ. 2023 սեպտեմբերի 12 նշանակել է զեկուցող դատավոր Վաղարշյանը, որը ՍԴ-ի դատավոր է։ Գալիս է սեպտեմբերի 12-ը, եւ, փոխարեն նիստը սկսելու, գործի քննության անցնելու, նիստը չի կայանում ՍԴ-ում, եւ նույն օրը ես՝ որպես պատգամավորների լիազոր ներկայացուցիչ, ստանում եմ գրություն դատավոր Վաղարշյանից այն մասին, որ ՍԴ-ն իր աշխատակարգային նիստին քննարկել է այս հարցը եւ եզրակացրել, որ վստահ չեն, որ արդյոք պատգամավորների մեկ հինգերորդը ստորագրել են հենց այս դիմումը, եւ 2-րդ՝ որ իրենց ներկայացուցիչը ես եմ։ Սա մի շարք օրենքների խախտում է, եւ սա չի համապատասխանում ՍԴ մասին օրենքին, սա հակասում է էթիկական նորմերին։
-Այսինքն՝ Դուք պատշաճ չեք ներկայացրել փաստաթուղթ:
-Եթե անգամ պատշաճ չլիներ, թեկուզ ձեւական առումով ինչ-որ փաստաթղթեր պակասեր, ապա, նշածս կարգավորումների համաձայն, պարտավոր էին իրենց աշխատակազմը դիմումը մուտքագրելու պահից տեղեկացներ այդ մասին: Եթե անգամ հնարավոր էր տեղում շտկել, կշտկեին, բայց, ոչ 175 օր անց, երբ հանրությունը եւ մենք սպասում էինք գործի քննությանը, ստանում ենք նման պատասխան, որը վեր է սահմանադրական վարչարարության բոլոր կանոններից, որն, ըստ էության, վիրավորանք է իր մեջ պարունակում
-Պարո՛ն Մինասյան, սա ի՞նչ է ենթադրում, ինչո՞ւ են նման որոշում կայացրել։
-Այն մասով, թե պատգամավորները իմացել են՝ ինչ դիմում են ստորագրել։ Ըստ էության, Սահմանադրական դատարանը կասկածում է պաշտոնական փաստաթուղթ կեղծելու մեջ, ապա դրա համար գոյություն ունի այլ քրեական վարույթ։ Բայց ակնհայտ է, որ նպատակը ՍԴ-ի եւ այն դատավորների, որոնք որ հակված չեն ըստ էության քննելու անվիճարկելի մեր պահանջը բավարարելու հարցով, փորձ են անում արհեստական ձգձգել այս հարցը։ Մեր պահանջը հիմնված է միայն Հայաստանի Սահմանադրության եւ սահմանադրական կարգավորում ենթադրող կանոնակարգ օրենքի տրամաբանական վերլուծության վրա, այն հիմնված է նաեւ միջազգային չափորոշիչների վրա: Ակնհայտ է դառնում այն, որ քաղաքական մեծամասնությունը հանձնաժողովի նախագահների պաշտոնանկ էր անում կամ ստեղծում էր այնպիսի պայմաններ, որ իրենց ոչ ցանկալի անձն է հանձնաժողովի նախագահ, եւ նրանք փորձում են ամեն գնով նրանից ազատվել։ Հիմա Սահմանադրական դատարանը անուղղակի, այս պահին առերեւույթ նման վարքագիծ է դրսեւորում՝ աջակցել քաղաքական մեծամասնության այս ապօրինի վարքագծին։
-Ձեր անելիքը ո՞րն է, կա՞ մի բան, որ պետք է անեք առաջիկայում։
-Չեմ կարող բնութագրել՝ սա ինչ որոշում է։ Քաղաքական տեսակետից սա աբսուրդ է։ Երկրորդ դիմում ենք ներկայացրել օգոստոսի 9-ին եւ, փոխարենը սահմանված ժամկետում ընդունելու, վարույթ ներկայացնելու, ստանում ենք նմանատիպ պատասխան։ Սա պատասխանատվությունից խուսափելու փորձ է։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԻՄՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
Ինչպես հայտնի է, ԱԺ նախորդ խորհրդի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ ընտրվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, եւ անհիմն մերժվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստեղծվող Մրցութային խորհուրդը ձեւավորվում է Ազգային Ժողովի նախագահի կաղմից հետեւյալ կարգի համաձայն. մեկ հոգի ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, մեկ հոգի՝ կառավարությունը, մեկ հոգի՝ Փաստաբանների պալատը, մեկ հոգի՝ Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակը, եւ մեկ հոգի՝ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից։ Խմբակցությունների համար նախատեսված տեղի համար, եթե կոնսենսուս են ունենում իրար մեջ, միանգամից թեկնածուն նշանակվում է, եթե կոսնսենսուս չունեն, ապա ներկայացնում են ԱԺ խորհրդին, եւ խորհուրդը ընտրում է այդ թեկնածուներից մեկին եւ հաստատում է որպես մրցութային խորհրդի անդամ։
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, նախորդ բոլոր դեպքերում, կասկած ունենալով, որ քաղաքական մեծամասնությունը չի գնալու ընդդիմության առաջարկները թեկուզ մասնակիորեն ընդունելու տարբերակով, այնուամենայնիվ, «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է իր թեկնածուին։
Թեկնածուն պետք է բավարարի նուն պահանջները, ինչ որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ԱԺ խորհրդում ՔՊ-ն ներկայացրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը նույնպես, եւ առանց որեւէ քննադատական խոսքի եւ պատճառի մերժում են Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ քաղաքական մեծամասնությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդում ընդդիմության մասնակցությունը չի պատկերացնում։
Սա՝ այն դեպքում, երբ Կառավարության կողմից իշխանության ներկայացուցիչ կա այդ խորհրդում, եւ՛ ԲԴԽ-ի, եւ՛ ՄԻՊ-ի ներկայացուցիչները եւս համարվում են իշխանություն։ Իշխանությունը ընդդիմության այդ մեկ տեղը չի կարողանում մարսել։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԿԱՐՃՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել, եւ առաջիկայում այն կհաստատվի, ու 2008թ. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դիմում էր ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, եւ նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որեւէ քննչական գործողություն չի արվել, եւ քրեական գործը մնացել է Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը՝ հայտնելով, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի եւ դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, եւ այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց: Որպես ամփոփում՝ նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված 10 հոգուց որեւէ մեկի սպանության դեպքը բացահայտված չէ, չգիտենք՝ ով գնդակահարեց Երեւանի կենտրոնում 10 քաղաքացու: Նիկոլ Փաշինյանն իր այդ խոստումը չկատարեց:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
«Ռուսաստանը հետեւողականորեն աշխատելու է Բաքվի եւ Երեւանի հետ. վերջերս ստացվել է մարդասիրական բեռի առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ, քննարկվում են իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։»
«Ռուսական կողմը հետեւողականորեն շարունակում է իր աշխատանքը ե՛ւ Բաքվի, ե՛ւ Երեւանի հետ։ Մենք կշարունակենք դա անել: Բոլորովին վերջերս, փաստորեն, ստացվել է մարդասիրական բեռի, մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Այժմ տարբեր տարբերակներ քննարկվում են, մշակվում կողմերի հետ. այդ աշխատանքը մենք կշարունակենք»,- ասել է Պեսկովը։