ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՐԿՈՒ ԱՆՁԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ 2023թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:29-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց-Շիրակացի փողոցների խաչմերուկում տարօրինակ ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 20:35-ին, ահազանգ է ստացվել նաեւ «Վանաձորի բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ հրազենային վնասվածքներով Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող առեւտրի կրպակի հարակից տարածքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երկու բնակչուհիներ՝ 24 եւ 33 տարեկան:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/ եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նշված անձինք ճանաչվել են տուժող:

Հավելենք, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակի 3 գնդակ եւ 1 պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ եւ դեպքի վայրի հարակից հատվածներում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչպես նաեւ դեպքի պահին տուժողների հագին գտնվող հագուստները։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու ուղղությամբ նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչ:

Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, անձնական հարցերի հետ կապված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել համաքաղաքացու հետ, որի պատճառով որոշել է վրեժխնդիր լինել:

Այդ նպատակով, նախապես գործածելով ոգելից խմիչք, բարեկամի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայով 2023թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, մոտեցել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գործող, համաքաղաքացու ընտանիքին պատկանող մթերային խանութին, իր գործողություններով իրական սպառնալիք ստեղծելով տարածքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար, ապօրինի ձեռք բերված եւ իր մոտ պահած ատրճանակից ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ կրակոցներ է արձակել համաքաղաքացու կնոջ եւ եղբոր կնոջ ուղղությամբ։

Նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել, ինչպես նաեւ վնասվել են խանութի ապակիներն ու ներսի գույքը։ Սակայն վրիպելու եւ միայն տուժածների ստորին վերջույթների շրջանում հրազենային գնդակային վիրավորումների ձեւով մարմնական վնասվածքներ պատճառելու, վիրավորում ստացած կանանց՝ խանութում թաքնվելու արդյունքում նա չի կարողացել նախապես պլանավորած հանցագործությունն ավարտին հասցնել, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:

Որոշում է կայացվել՝ Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակչի եւ վերջինիս բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, նշված անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին եւ ձերբակալվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/ եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա բարեկամին՝ 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/:

 

 

 

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հունիսի 26-ին՝ իր հորեղբորը՝ Կարեն Մարտիրոսյանին պարեկային ծառայողների կողմից Իջեւանի բաժին տեղափոխելուց հետո, ժամանել է ոստիկանության Իջեւանի բաժին, առանց թույլտվության մուտք է գործել Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի տարածք, պահանջել հանդիպել Կարեն Մարտիրոսյանին, սակայն ստանալով մերժողական պատասխան՝ ցուցաբերել է ոչ պարկեշտ վարքագիծ, դուրս հրավիրվելուց հետո գումարտակի վարչական շենքի հանդիպակաց տարածքում շարունակել է դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ, հնչեցրել հայհոյանքներ:

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Գյումրիում ժամը 15:10-ի սահմաններում տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղամարդը ժավել է խմել, որը նկատել են հարազատները ու նրան շտապ տեղափոխել հիվանդանոց։

Վերջինիս կյանքը փրկել են բժիշկները, ու նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ ի՞նչն է եղել տղամարդու այս քայլի պատճառը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններից պարզվել է, որ տղամարդու նախկին կինը չի ցանկացել միանալ ամուսնու հետ եւ համատեղ ապրել։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԽԱԽՈՏ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ՊԵԿ-ից՝ օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում, հնարավոր է, առկա լինի մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ ծխախոտ։ Մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» ՓԲ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ, որտեղ անցկացված հսկողության արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է շուրջ 10.000 տուփ ծխախոտ։

Այսպես, 2023 թվականի հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է Ագարակ պետական սահմանի անցման կետով մաքսային հսկողությունից թաքցման եւ չհայտարարագրման եղանակով ընդհանուր 47.543 տուփ ծխախոտի ապօրինի տեղափոխման 84 դեպք։ Հարուցվել են վարչական վարույթներ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ եւ 316-րդ հոդվածների հատկանիշներով։

Ընդգծենք, որ մաքսավորների ուշադրության ներքո է գտնվում նաեւ կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ծխախոտների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխումը, այդ թվում՝ որպես անձնական օգտագործման ապրանք։ 2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետում հայտնաբերված 3 դեպքով Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու նպատակով։

 

 

 

ԽԱԲԵԼՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ

Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ անձն իր հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։

Մասնավորապես, List.am կայքէջում եւ Facebook.am սոցիալական ցանցում նա տեղադրել է գոյություն չունեցող բնակարանների վարձակալության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալների պարունակությամբ հայտարարություններ։ Դրանց հետքերով նշված բնակարանները վարձակալությամբ ձեռք բերել ցանկացող երկու տարբեր անձանցից, որոնցից մեկը՝ ՀՀ քաղաքացի, մյուսը՝ օտարերկրացի, որպես վարձավճար, 37-ամյա անձը ստացել է առաջինի դեպքում 320 000, երկրորդի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ, հափշտակել նշված գումարները՝ դադարեցներով նրանց հետ հետագա հաղորդակցությունը:

Շարունակելով հանցավոր գործունեությունը՝ երկու այլ տուժողների պարագայում նա գործադրել է խարդախության մեկ ուրիշ սխեմա:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի նշված բնակիչը օնլայն տաքսի հավելվածի միջոցով միեւնույն օրը պատվիրել է ավտոմեքենաներ։ Տաքսու վարորդների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ վերջիններս 600 եվրո գումար փոխանցեն իբր Հրազդան քաղաքում բնակվող իր ծանոթին: Վարորդների մոտ վստահություն ձեռք բերելով՝ նրանցից վերցրել է մի դեպքում 13.000, մեկ այլ դեպքում՝ 25 000 ՀՀ դրամ գումար՝ պայանավորվածությամբ, որ երբ նրանք փոխանցեն նշված 600 եվրո գումարը հասցեատերերին, վերջիններս վարորդին կվերդարձնեն իր կողմից վերցված գումարները։ Տեղ հասնելուց հետո պարզվել է, որ Հրազդան քաղաքում նման անձինք գոյություն չունեն, իսկ փոխանցված 600 եվրոն հուշանվեր-թղթադրամներ են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում 37-ամյա տղամարդն ընդունել է մեղքը, տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

 




Լրահոս