ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության կառավարության հրապարակած տեղեկագրից տեղեկանում է Արցախում տիրող իրավիճակի մասին շրջափակման 278-րդ օրվա դրությամբ:

 

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,960 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3  օրվա ընթացքում աճելով շուրջ 15  դեպքով։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 815   հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ եւս 70-ը, համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում  են առ այսօր, իսկ ռուս խաղաղապահների կողմից անձանց տեղափոխությունները կասեցվել էին հունիսի 15-ին եւ վերականգնվել միայն օգոստոսի 21-ին, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան, որն էլ կասեցվել է օգոստոսի 28-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախցի երեք ուսանողների առեւանգումից հետո:

Շրջափակման հետեւանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ավելի քան 6,000 անձինք՝ ներառյալ շուրջ 800 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի եւ ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթեւեկել, եւ մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 224  անգամով, եղածն էլ՝ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ: (278  օրվա ընթացքում մարդկանց, 681,100  -ի փոխարեն, 3,042  մուտք եւ ելք, ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների 27  ելքի եւ մուտքի դեպք ԿՄԽԿ-ի  մեքենաներով):

«Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 86 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (278 օրվա ընթացքում 255,766-ի փոխարեն՝ 2,990    մեքենայի մուտք եւ ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի եւ ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 6  մուտք եւ ելք՝  ԿՄԽԿ-ի մեքենաները, ինչպես նաեւ մեկ բեռնատար մեքենա՝ հումանիտար բեռով:

Շուրջ 19 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (278  օրվա ընթացքում, մոտ 111,200   տոննայի փոխարեն, 5,730   տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ մոտ 15 տոննա հումանիտար բեռ՝ ռուսական Կարմիր խաչի միջոցով):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 211  օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 249 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների եւ բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման»,- ասված է տեղեկագրում:

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՎԵԼ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առնվազն 15 խորհրդականներ հրաժարական են տվել՝ նախագահի թիմը «երիտասարդացնելու» միտումներից ելնելով։

«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Սովորաբար խորհրդականներին աշխատանքից ազատելու մասին պահանջվում է նախագահի հատուկ հրամանագիր, սակայն այս անգամ կիրառել են հրաժարականի այլ մեթոդ. խորհրդականների հետ մանրամասն խոսել են «Երիտասարդացում եւ փոփոխություն» ծրագրի մասին: Ըստ  թուրքական լրատվամիջոցների՝ հրաժարական տված խորհրդականների մեծ մասը 65 տարեկանից բարձր էին: Նախագահական ընտրություններից հետո Էրդողանը հունիսին հայտարարեց երկրի նոր նախարարների կազմը, որը  90%-ով բաղկացած էր նոր անուններից։

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔ

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, 86-ամյա բարոնուհի Քերոլայն Քոքսին անհանգստացնում է միջազգային հանրության արձագանքն Արցախում տեղի ունեցողին։ Այդ մասին Քոքսը հայտարարել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Արցախի բնիկ բնակչությունը կանգնած է էթնիկական եւ կրոնական զտումների վտանգի առաջ, եւ ստեղծված իրավիճակը համարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից։

Քոքսը ներկայումս բանակցվող խաղաղության պայմանագիրն անվանում է առեւտրային գործարք, քանի որ Արցախի հայերը ստիպված կլինեն հրաժարվել ինքնորոշման իրավունքից: Նա նաեւ հիշեցրել է, որ տասնյակ հայ զինվորականներ եւ քաղաքացիական անձինք դեռ գերության մեջ են Ադրբեջանում։

Բարոնուհին կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի հանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության։ Նա վստահ է, որ դա չի բավարարի Բաքվի հավակնությունները։ Նրա կարծիքով՝ առանց հայկական Արցախի, Հայաստանի գոյությունն է՛լ ավելի մեծ վտանգի տակ կլինի։ Ստեղծված իրավիճակում Քոքսը մատնանշեց  նաեւ միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցեական աջակցության բացակայությունը։ Տեղ եւ Կոռնիձոր համայնքներ կատարած իր այցի վերաբերյալ բարոնուհին ընդգծեց, որ անձամբ է ծանոթացել տեղում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ Բաքուն մոտ երկու ամիս միտումնավոր եւ անօրինական կերպով արգելում է մարդասիրական բեռներով բեռնատարների անցումը։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆԻ ԴԱՏԸ՝ ՀԱՋՈՐԴԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի կառույցի ղեկավար Դավիթ Սարգսյանը 2023թ. սեպտեմբերի 7-ին որոշում է կայացրել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի միջանցքի 14,95քմ մակերեսով տարածքը քաղաքացիների ընդունելության սրահ օգտագործելու նպատակով 3 տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Դիլիջանի ՀՀԳ» ՍՊ ընկերությանը՝ տարեկան 74750 (յոթանասունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ վարձավճարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել Դավիթ Սարգսյանին՝ հարցնելով, թե շահույթ հետապնդող ընկերությանը ինչու է քաղաքի ամենակենտրոնում գտնվող տարածքը վարձակալության ցածր գնով տրվել։ Համայնքապետի պատասխանը դեռեւս չի ստացվել։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել, ներկայումս Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի, համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետի, համայնքապետարանի գլխավոր աուդիտորի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ հեռավոր 2006 թվականին Դիլիջանի այդ նույն՝ Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի տարածքները շուկայականից ցածր գնով են վարձակալության հանձնել։ Այն, ինչի համար դատում են նախկին համայնքապետին, կարելի՞ է ՔՊ-ական համայնքապետին։

 

 

 

 

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ՝ ԴԻԼԻՋԱՆԻ ՏԵՐ

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին հարցում ենք ուղարկել, թե համայնքապետարանն ինչ միջոցներ է ձեռնարկում Դիլիջանում  թափառող կովերի, ձիերի, շների դեմ։ Նա պատասխանել է. «Համայնքապետարանի կողմից ամենօրյա ռեժիմով կազմակերպվում են վերահսկման եւ կանխարգելման աշխատանքներ՝ հնարավորինս արգելելու կովերի եւ ձիերի մուտքը բանուկ, երթեւեկելի տարածքներ, իսկ թափառող շների համար իրականացվում են ստերջացման աշխատանքներ, որը կրելու է շարունակական բնույթ»։ Դիլիջանցիները  շատ դժգոհ են քաղաքում, հատկապես՝ Գետափնյա եւ Ջրհողեր թաղամասերում անտեր, թափառող շների մեծ քանակությունից, բնակիչների վրա դրանց հարձակումներից։ Դիլիջանի բնակչուհի Սյուզի Սիմոնյանն  ասաց, որ բնակիչները վախենալով են տնից դուրս գալիս, իրենց երեխաներին  չեն թողնում՝ դուրս գան, որ շների հարձակմանը չենթարկվեն։ Ասյա Ծատուրյանը հայտնեց, որ  իր ծոռան վրա 4  անտեր շուն են հարձակվել։ Մերի Հովհաննիսյանն ասաց, որ մի քանի օր առաջ քաղաքային այգում շների մի խումբ հարձակվել է իր 75-ամյա հարեւանի վրա, շներից մեկը  նրա ոտքը  երկու տեղից կծել է,  ծեր մարդը  հիվանդանցում  է, ուր 10 պատվաստում պետք է ստանա: Կատաղած շունն էլ  տեր չունի, որպեսզի տուժածը  նրանից իմանա, թե  շունն  իրեն  կծելուց  հետո  սատկել է, թե ոչ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս