ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՄԱՐԻԱՄ ԵՎ ԱՇՈՏ ՓԱՇԻՆՅԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին Երեւանի ավագանու ընտրություններն էին։ ԿԸՀ հաղորդած նախնական տվյալներով՝ որեւէ ուժ, այդ թվում՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չի հաղթահարել 50%-ի շեմը, ըստ այդմ՝ միանձնյա չի կարող քաղաքապետ ունենալ։ Իշխող ուժի թեկնածուին՝ Տիգրան Ավինյանին, աջակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, մասնավորապես, քարոզարշավի եզրափակիչ օրը նրա հետ քայլերթի մասնակցեց ու բեմից բարձրագոչ ելույթներ ունեցավ։ Արդեն սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան կնոջ հետ գնաց իր քաղաքացիական պարտքը կատարելու։ «Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց, որ «Երրորդ մաս»-ում՝ 8/16 ընտրատեղամասում, Փաշինյանի հետ քվեարկում էր նաեւ Աննա Հակոբյանը, չնայած որ գրանցված է Կենտրոն վարչական շրջանում ու պիտի քվեարկեր Կենտրոնում՝ 9/18 ընտրական տեղամասում։ Ինչ վերաբերում է վարչապետի երեխաներին, ապա Մարիամի քվեարկելու տեղամասը պաշտոնապես 9/18-ն էր, եւ, ըստ պաշտոնական տվյալների, վարչապետի հետ պետք է քվեարկեր որդին՝ Աշոտը, որը գրանցված էր 8/16-ում: Հարց է առաջանում՝ որտե՞ղ քվեարկեցին վարչապետի զավակները։ Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները մինչեւ ուշ գիշեր ՔՊ շտաբում էին: Հավելենք նաեւ, որ միեւնույն ժամանակ Մարիամ Փաշինյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել էր լուսանկարներ եւ վիդեոներ, որտեղից պարզ է դառնում, որ Աշոտն ու Մարիամը կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, հանգիստ են անցկացրել Հայաստանի գեղատեսիլ վայրերում։ Ընտրական ցուցակների պաշտոնապես հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի՝ արդյոք Փաշինյանների ընտանիքից ընտրական իրավունք ունեցող բոլոր անձինք են քվեարկել ու աջակցել «Քաղաքացիական պայմանագրին»։

 

 

 

 

Աշխարհի ամենատարածված ու սիրված սպորտաձեւը համարվող ֆուտբոլը շատ երկրներում հանդիսանում է քաղաքական լուրջ գործոն. երկրի ղեկավարները փորձում են լավ հարաբերություններ պահպանել ֆուտբոլիստների, ակումբների եւ ֆանակումբների հետ: Հայաստանում 2018թ.-ին իշխանության գալուց հետո աշխարհի ամենահայտնի ՀՀ քաղաքացի Հենրիխ Մխիթարյանին զրկեցին դիվանագիտական անձնագրից, ապա հասան նրան, որ իտալական «Ինտեր»-ի աստղը հրաժարվեց գալ ազգային հավաքական: Մեր աղբյուրները պնդում են, որ Մխիթարյանի ու իշխանությունների հարաբերությունները խառնելու գործում մեծ ազդեցություն է ունեցել ֆեդերացիայի ներկա նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը, Նիկոլ Փաշինյանին լարելով Մխիթարյանի դեմ, հակասական տրամադրություններ է ստեղծել Հենրիխի հազարավոր երկրպագուների մոտ՝ ուղղված իշխանություններին: Այսքանով, սակայն, իշխանություններին վնաս տալու սեփական «առաքելությունը» Արմեն Մելիքբեկյանը չավարտեց. անդադար ուղեկցելով տարբեր միջոցառումների Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավոր շրջապատին, ցույց տալով իր եւ այս իշխանությունների անքակտելի կապը՝ Մելիքբեկյանը սկսեց գրեթե «ահաբեկչական գործողություններ» անել Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի՝ «Փյունիկ»-ի նկատմամբ: Բանը հասավ նրան, որ հազարավոր երկրպագուներ ունեցող թիմին զրկեցին իրենց պատկանող մարզադաշտերում խաղալու իրավունքից, իսկ այս թիմը ոչ միայն հազարավոր երկրպագուներ ունի, այլեւ հարյուրավոր երեխաներ են պարապում նրա ակադեմիայում, որոնց շրջանում եւս հակաիշխանական տրամադրություններ բորբոքեց: Դեռեւս պարզ չէ՝ այս ամենը Արմեն Մելիքբեկյանն արել է դիտավորյալ, թե զուտ անձնական հաշիվներ է ունեցել, սակայն այն, որ Երեւան քաղաքում իշխանությունների կողմից ոչ բավարար ձայներ հավաքելու գործում ունեցել է զգալի ազդեցություն, քննարկման ենթակա չէ:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս վիճակին են հասել եւ Երեւանում վարկանիշ չունեն այլեւս: ՔՊ-ականները երկարատեւ քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ այս պատկերի իրական պատճառը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է, քանի որ կառավարության մի շարք պաշտոնյաներ տեղում չեն ու անգործության են մատնված։ Առաջիկայում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում, ասել է թե՝ կադրային ջարդի գործընթացը մեկնարկում է։ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ավագանու ընտրություններից հետո այն նախարարները, որոնք անգործության են մատնված, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Նրանց թվում են Գնել Սանոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Նարեկ Մկրտչյանը եւ Գրիգոր Մինասյանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականներն ավագանու ընտրությունները մեծ հարված են համարում իրենց վարկանիշին, քանի որ «50+»-ի ակնկալիքներ են ունեցել: Հիմա այս իրավիճակից որպես ելք դիտարկում են կոալիցիայի կազմումը, իսկ նրանց հույսն այս պահին Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է, քանի որ անցողիկ շեմը հաղթահարած միակ ուժն է, որ կոալիցիա կկազմի իշխող ուժի հետ: ՔՊ-ականները հույս ունեն, որ այսկերպ գոնե կկարողանան իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել, եթե անցած մյուս ուժերից կարողանան 2 ավագանիներ «պոկել»: Վարչության նիստից հետո ՔՊ-ականներին հասկացրել են, որ կատարվածը դաս պետք է լինի իրենց համար, ու այսուհետ ամեն բան այլ է լինելու։ Օրվա վերջում միայն Ավինյանը խորը դեպրեսիայից հետո շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին, ՔՊ-ն էլ խոստացավ ավելի ուշ տեսակետ հայտնել:

 

 

 

 

Հայաստանի խորհրդարանի վերանորոգման եւ «ռեստավրացիայի» աշխատանքներում նաեւ իրանցիներ են ներգրավված: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ողջ ամառ ԱԺ-ում բուռն վերանորոգումներ են ընթացել. բացօթյա սրճարանի համար տարածքն է կառուցվել, հանձնաժողովների նիստերի համար նախատեսված սենյակներն են վերանորոգվել, այս օրերին էլ հայրենի խորհրդարանի վերելակներն են փոխվում: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ խորհրդարանում նկատեց, որ վերանորոգման գործընթացում նաեւ մի խումբ իրանցիներ են ներգրավված: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ պարզաբանելով՝ «Արեւ-Լույս-Կասկադ» մասնագիտացված վերելակային ընկերությունը  մասնակցել է էլեկտրոնային աճուրդին եւ ամենացածր գինն է առաջարկել ԱԺ-ի վերելակները փոխելու համար, հետեւաբար շահել է տենդերը. «Այդ ընկերությունը նաեւ վերելակների արտադրությամբ է զբաղվում, նրանց մոտ երկու իրանցի մասնագետ կա, որոնք տեխնիկական աշխատանքներում են ներգրավված, որպեսզի տեղադրման հետ կապված խնդիրներ չլինեն: Բացի երկու իրանցի մասնագետներից, կազմակերպությունն ունի նաեւ  6 հայ աշխատակիցներ, այսինքն՝ ընդհանուր 8 հոգով են վերելակները տեղադրում»:

 




Լրահոս