ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի և Ադամ Շիֆի հետ հայերին պաշտպանելու և Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել Կոնգրեսին՝ ի պատասխան Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված դաժան և անարդար գործողությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
«Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերի աջակցության մասին» օրենքի նախագիծն ընդգրկում է համապատասխան և արագ գործողությունների շրջանակը, որոնք կարող են ձեռնարկվել ԱՄՆ վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի անօրինական և չհրահրված հարձակումներից հետո։ Դրանք են՝ կոչ անել բացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին, դադարեցնել Ազատությանն աջակցության բանաձևի 907-ի հոդվածի գործողությունը և ԱՄՆ-Հայաստան ապագա գործընկերային հարաբերությունների համար ֆինանսավորում հատկացնել:
«Արցախի հայ ժողովրդի դեմ նախագահ Ալիևի ցեղասպան արշավը չափազանց երկար է շարունակվում, և վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները բովանդակալից քայլեր ձեռնարկեն այն կասեցնելու համար: Այս օրենսդրությունը առաջին մեծ քայլն է Ալիևի վարչակարգի կատարած վայրագությունների դեմ պայքարելու և նրա ու նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նախագիծը նաև կապահովի հակամարտությունից տուժած հայ ժողովրդին անհրաժեշտ օգնություն և անվտանգություն՝ իրենց հինավուրց հայրենիքում ապահով ապրելու համար՝ չվախենալով Ադրբեջանի կառավարության կողմից բռնաճնշումից», – հայտարարել է կոնգրեսական Փալոնը։
Նախագիծը նախատեսում է 30 միլիոն դոլարի հատկացում 2020 թվականին 44-օրյա պատերազմի, 2022 թվականի Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տուժած խմբերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: