Այս պահին ԱԱԾ-ում քննարկվում է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոց ընտրելու հարցը։
Նշենք, որ Armlur.am-ը գրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին տարել են ԱԱԾ եւ բռնի կերպով իշխանության յուրացման համար ձերբակալել են։ Այս պահին նա ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրում է։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Բազեյանի տուն գնացել է ԱԱԾ երկու մեքենա, որից հետո սկսել են տունը խուզարկել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս բնակարանից տարել են որսորդական զենքը, Վազգեն Աարգսյանի կողմից պարգեւատրած զենքը ու մեկ համակարգիչ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ալբերտ Բազեյանը ԱԱԾ-ում ասել է, որ ինքը այս պահից հացադուլ է հայտարարում ու իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը պետք է այսօրվա հանրահավաքին ելույթ ունենար։
Հավելենք, որ խուզարկության ժամանակ անգամ Բազեյանի որդուն թույլ չեն տվել ներս մտնել: Հանցագործության մասին հաղորդում տալուց հետո նոր փաստաբաններին են թույլ տվել մտնել տուն:
Հիշեցնենք օրեր առաջ ArmLur.am-ը Հանրապետության Հրապարակում զրուցել էր Ալբերտ Բազեյանի հետ:
Մեր հրապարակումից հետո ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնեց, որ նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն, և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:
Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել և խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Քնար Մանուկյան