44 –օրյա պատերազմի ժամանակ մի խումբ ինֆլուենսերների նախաձեռնությամբ ձևավորվեց «Մեդիա գրոհայինների բանակ» և «ՄԵՆՔ» սոցիալական խմբերը, որոնք ներկա պահին էլ ակտիվ գործունեություն են ցուցաբերում:
«ՄԵՆՔ» ֆեյսբուքյան խումբը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 28–ին։ Մինչև Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտը խմբի ադամները պայքարում էին ապատեղեկատվության, կեղծ էջերի, ոչ հավաստի լուրերի դեմ։ Պատերազմի ավարտից հետո խմբի անդամները սկսեցին գումար նվիրաբերել 44–օրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներին՝ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով։
Պատերազմի օրերին «Մենք»-ի մեդիաբանակը համալրվեց նորանոր անդամներով։ Նրանք հիմնականում այն մարդիկ էին, որոնք համակարգչի առաջ նստած աշխատում էին և ուզում էին ինչ-որ մի ձև օգնել կռվող զինվորին և ամուր պահել տեղեկատվական դաշտը։ Նրանց պայքարը ադրբեջանական ֆեյք հաշիվների, կեղծ հրապարակումների ու տեսանյութերի դեմ էր, ռիփորթում էին, և եթե հնարավոր էր, փորձում էին ստուգել այս կամ այն տեղեկությունը։ Այդ օրերին այս խումը և խմբի անդամները բավականին համակարգված էին աշխատում, գտնում էին կեղծ ու ոչ հավաստի տեղեկությունները և հրահանգում խմբի անդամներին «կռիվ» սկսել և կանխել տարածումը։ Պատերազմի ավարտից հետո խմբի անդամները դադար տվեցին, թեև միտք է եղել խումբը փակել, սակայն խմբի շատ անդամներ հորդորել են խմբի հիմնադիրին և խնդրել պահել խումբը և շարունակել պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ աշխատել։
Ներկա պահին Արցախում ոչ միայն պատերազմ է այլ նաև կոտորած, այս անգամ էլ «ՄԵՆՔ»-ը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Ինֆլուենսերներ Ռուբեն Եսայանը և Սեյրան Յայլախանյանը միասին հայտարարել են․
«Արցախից Հայաստան բնակչության հավանական տարհանման դեպքում, երբ արդեն մարդիկ կլինեն անվտանգ գոտում, մենք պատրաստ ենք մեր գործիքակազմի ողջ ներուժով համախմբել մարդկանց ու իրականացնել մեծ արշավներ` ուղղված ֆինանսական հավաքագրումների, ու փորձել ապահովել տեղափոխվածների նվազագույն կարիքները` սնունդից մինչև գումար, բնակության վայր և մնացյալը: Ակնկալում ենք բոլոր ներսում ու դրսում ապրող հայերի մեծ պատրաստակամությունը»:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ինֆլուենսեր Ռուբեն Եսայանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է նրանց նախաձեռնությունը.
«Դեռևս մեկնարկ չենք տվել, քանի որ դեռ չպարզաբանված հարցեր կան»,-ասաց Ռուբենը:
Խնդիրը նրանում է, որ անհայտ ծագման շատ էջեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կեղծ դրամահավաքներ են իրականացնում և դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում, ինչպես պետության, այնպես էլ «ՄԵՆՔ»-ի նման խմբերի գործունեության վրա:
ArmLur.am-ը խոսեց նաև խմբի համակարգող Սեյրան Յայլախանյանի հետ՝ հասկանալու համար իրենց հետագա անելիքները, քանի որ «ՄԵՆՔ»-ը ունի պատրաստակամ շատ մեծ լսարան:
«ՄԵՆՔ»-ը այս պահին ոչ մի ֆինանսական հավաքագրում չի իրականացնում։ Մինչև դա չհամաձայնեցնենք պետության հետ ՝չենք անի: Եթե կարիքը լինի, իրենք մեզ կտեղեկացնեն: Կարծում եմ այս պահին կարիքը չկա դրամահավաքի և այլնի: Առավել ևս նման իրավիճակում, երբ շատ դժվար է վերահսկել, թե ով ինչի համար է հավաքում և ուր է ուղղվում այդ հավաքված միջոցները»:
Օֆելյա Հովհաննիսյան