Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններից հետո փակուղային իրավիճակ է ստեղծվել: Ընտրության արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ, սակայն նրանցից որևէ մեկը 50 և ավել տոկոս չի հավաքել, որպեսզի կարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել։ Արդյունքում՝ արդեն մեկ շաբաթ է Երևանը քաղաքապետ չունի: Անհրաժեշտ են լինելու կոալիցիաներ կազմել կամ կամ պետք է նոր արտահերթ ընտրություններ լինեն: Ըստ նախնական հաշվարկների՝ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այն կվարի ավագանու անդամներից ամենատարեցը և անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը կընտրեն Երևանի քաղաքապետին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն երեկ ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ, մանդատները բաշխվել են հետևալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ,
«Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ,
«Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ:
ArmLur.am-ն այս առիթով զրուցել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Հայկ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ԿԸՀ-ն երեկ հրապարակեց ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ, ավագանի անցած ընդդիմադիր ուժերը միասին վերցրած ավելի շատ ձայներ ունեն, քան՝ իշխանությունը, ուստի ընդդիմությունը կարող է քաղաքապետ ընտրել: Արդյո՞ք այս հարցով սկսվել են բանակցությունները մյուս ուժերի հետ, ի՞նչ որոշում ունեք:
-Այդ բանակցությունները հրապարակային են եղել, ինչ-որ հատուկ քննարկում չի եղել, ամեն բան հրապարակային ֆորմատով է եղել։ Մենք մի բան հայտարարել ենք, նրանք արձագանքել են: Նեքին քննարկումներ չեն եղել: Մենք հավատարիմ ենք մնալու մեր առաջարկներին մինչև վերջ՝ չհամագործակցել ՔՊ-ի հետ, ընդհուպ մինչև երկրորդ տարբերակը՝ չգնալ ու ավագանու առաջին նիստին քվորում չապահովել:
-Ընդդիմադիր ուժերը, ի պատասխան Հայկ Մարությանի երկու առաջարկների՝ այն է, նորընտիր ավագանու առաջին նիստին գալ ու իրեն ձայն տալ, կամ էլ գնալ արտահերթ ընտրությունների, նախապայմաններ էին առաջ բերել, քննարկել ե՞ք դրանք, համաձա՞յն եք այդ նախապայմանների հետ:
-Մենք ասում ենք, որ ընտրության արդյունքներում առավել ձայն ստացած ընդդիմադիր ուժին գան ու ձայն տան, իրենք էլ նախապայմաններ են առաջադրում, դրանց շուրջ քննարկում կլինի և կարձագանքենք, բայց դա չի դարձնում կոալիցիա։ Նրանք, օրինակ, ասում են պաշտոններ, եթե նույնիսկ դրան էլ համաձայնվենք, միևնույն է, չի դարձնում մեզ կոալիցիա
-Հայկ Մարությանի հայտարարությունից հետո շատ քննադատություններ հնչեցին, որ իրավիճակը փակուղի եք մտցնում նման կատեգորիկ առաջարկներով, ինչի հետևանքով ընդդմությանը չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ և հնարավորություն եք տալիս իշխանություններին:
-Փակուղային վիճակ չկա։ Մի ուժն ասել է, որ ձայն կտա մեր թեկնածուին, մյուս ուժն էլ ասել է՝ ձայն կտան, եթե վերահսկողական ապարատը տան իրենց, ուրիշ նախապայման ես տեղյակ չեմ: Մենք կատեգորիկ բան չենք ասում, ասում ենք, որ մեզ համար առաջնայինային է, որ չենք գնա համագործակցության ՔՊ-ի հետ, եթե մենք թույլ տանք, որ ՔՊ-ն ընտրվի, դա էլ կլինի համագործակցություն: Մենք գտնում ենք, որ որևէ ընդդիմադիր ուժ իր քայլով կամ անգործությամբ, չպետք է հնարավորություն տա իշխող ուժին, օրինակ, որ գնան ու ոչ մեկին ձայն չտան, այդպես էլ չպետք լինի, որևէ ընդդիմադիր ուժ իր անգործությամբ նպաստի ՔՊ-ի ընտրվելուն:
-Այսինքն հնարավո՞ր է զիջումների գնաք և ընդունեք ընդդիմադիր ուժերի նախապայմանները:
-Մենք որևէ բան չենք ժխտել, մենք ուզում էինք հստակ իմանալ, որո՞նք են այդ վերահսկող գործառույթները, դա հիմա քննարկում ենք ու առաջիկայում կարձագանքենք:
-Հոկտեմբերի 10-ին նոր ավագանին նիստ պետք է անի և քաղաքապետ ընտրի, կրկին առաջադրելու՞ եք Մարությանի թեկնածությունը:
-Այո, անպայման։
-Իսկ մյուս ուժերի հետ ի՞նչ համաձայնության եք եկել, պատրա՞ստ են գալ ու քվեարակել Հայկ Մարությանի թեկնածության օգտին:
-Որքանով ես տեղյակ եմ, «Մայր Հայաստանը» կգա և կքվերակի, իսկ «Հանրային ձայնը» ձայն կտա մեր թեկնածուին, եթե վերահսկող գործառույթները տանք նրանց:
Քրիստինա Մուշեղյան