ԲՈՒԶԱՆԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ «ՔՑԵԼ» ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անշարժ գույքի շուկայում տիրող ներկա իրավիճակում որոշ օլիգարխների մոտ  բավականին լուրջ ֆինանսական դժվարություններ են առաջացել: Իսկ այն մարդիկ, որոնք  պայմանագիր են ստորագրել, որով իրացված անշարժ գույքի փոխարեն իրենց համարժեք բնակարաններ են տրամադրվելու, մինչեւ այսօր անտուն են:Մենք տեղեկացրել էինք, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաեւ Երեւանի Արամի փողոցում կառուցապատում իրականացնող «Գապբնակշին» ընկերությունը: Մեզ են դիմել այդ ընկերության պատճառով «տուժած» մի խումբ քաղաքացիներ, որոնք խնդրում են ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվել:Երեւան քաղաքի Բուզանդ փողոցի բնակիչները բաց նամակ են գրել թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, թե՛ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, սակայն մինչ այսօր քար լռություն է. պաշտոնյաները չեն արձագանքում:Բուզանդի փողոցի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ պետության կարիքների համար ՀՀ կառավարությունը 2004 թվականին որոշում է կայացրել վերցնել 37 ընտանիքների անշարժ գույքը եւ բնակիչների հետ կնքել համապատասխան, նոտարական կարգով վավերացված պայմանագրեր` պարտավորվելով  փոխարենը  բնակարաններ հատկացնել  Երեւան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում կառուցվող բազմաբնակարան համալիրից` վերանորոգված վիճակում:Ի դեպ, նշենք, որ քաղաքացիների այդ բնակարանները պետք է հատկացվեին դեռեւս 2007 թվականին` պայմանագրով պարտավորվելով ամեն ուշացած օրվա համար վճարել համապատասխան տուգանքներ: «Մինչեւ էսօր համալիրի շինարարությունը եւ հանձնումը ձգձգվում են, չեն մոնտաժվում վերելակները, չեն իրականացվում մեզ հատկացվելիք բնակարանների ներքին հարդարման աշխատանքները»,-վրդովված նշեց այդ ամենից տուժած 44-ամյա Սարգիսը:Բուզանդի փողոցի բնակիչները կարծում  են, որ «Գապբնակշին» ՍՊ ընկերությունը մտադիր է շենքը հանձնել կիսավարտ վիճակում` առանց վերելակների մոնտաժման եւ ներքին հարդարման: «Մենք մտահոգված ենք, որ մեր բնակարանները կրկնակի, եռակի վաճառված են, տեղի են ունեցել խարդախություններ, որոնց  մասին մենք դեռ 2008 թվականին տեղեկացրել էինք դատախազին, նախագահին, քաղաքապետին, որ կանխեին էս խաբեությունը: Նրանցից ոչ ոք կառուցապատողների անօրինական գործողությունների նկատմամբ հսկողություն չի իրականացրել»,-նշում են բնակիչները:Մեր զրուցակիցների համոզմամբ` նոտարներն, առանց պատշաճ կերպով փաստաթղթերն ուսումնասիրելու, մի քանի անգամ միեւնույն բնակարանների նկատմամբ պայմանագրեր են վավերացրել, իսկ դատարաններն էլ, ստանալով հրահանգներ,  վճիռները կայացրել են  հօգուտ կառուցապատողների:Քաղաքացիները պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունը եւ նրան առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեն ու կառուցապատողները հարգեն ՀՀ օրենքները եւ պատշաճ ժամկետում տրամադրեն իրենց հատկացվելիք բնակարանները. «Պահանջում ենք նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել մի խումբ պաշտոնատար անձանց, որոնք իրենց անգործությամբ մեզ զգալի չափերի հասնող նյութական եւ բարոյական վնաս են պատճառել: Բնակարան չունենալու պատճառով մենք արդեն քանի տարի է` վարձով ենք ապրում, տուժում ենք բոլոր կողմերից, մինչդեռ 2007 թվականից չեն վճարվում տուգանքներն ու բնակավարձերը»:Նշենք, որ մոտ 30 քաղաքացի ստորագրել են այն դիմումի տակ, որն ուղղվել է Ս.Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազին ու կադաստրի ղեկավարին, նամակին կից ուղարկվել է նաեւ «Ժողովուրդ»-ի` հոկտեմբերի 20-ի համարում լույս տեսած հոդվածը: Երեկ, երբ փորձեցինք պարզել,  թե արդյոք որեւէ մեկն արձագանքել է ՀՀ քաղաքացիների պահանջին, տեղեկացանք, որ քաղաքացիների բողոքը  վերահասցեագրվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը, սակայն դեռեւս արձագանք չկա: Ի դեպ, «Գապբնակշին» ընկերության հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանում, եւ մենք այդպես էլ չկարողացանք նրանց ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ զրուցել: Իսկ ընկերության ղեկավար Գագիկ Պապոյանի բջջայինն էլ անընդմեջ անհասանելի է: Տեղեկացնենք, որ այս գործը քննվում է  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:  ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս