Սիրիական զորքերը գրավել են ռազմավարական Զառա կենտրոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական զորքերը մարտի 8 -ին գրավել են Սիրիայի հյուսիսում գտնվող ռազմավարական կարևոր կենտրոն Զառան. տեղեկացնում է «Ալ Մանար» հեռուստաալիքը:

Ռազմավարական կենտրոնը գտնվում է Հոմս – Տարտուս ճանապարհի մոտակայքում ՝ նավթագազային խողովակաշարերի մոտ, որոնք տանում են դեպի Սիրիայի միջերկրածովային նավահանգստային քաղաքներ. հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:

Զառայի համար մարտերը տևել են 1 ամիս: Ահաբեկիչների մի մասը հանձնվել է սիրիական բանակին անցած ուրբաթ: Ներկա պահին սիրիական բանակը ժողովրդական պաշտպանության ջոկատների հետ համատեղ մարտեր է մղում Հասրաջիա բնակավայրը ազատագրելու համար: Ահաբեկիչների վերահսկողության ներքո է դեռ մնում նաև խաչակիրների ամրոցը ՝ Կռակ Դե Շեվալյեն: Բլուրի վրա գտնվող ամրոցը համարվում է ճարտարապետական գլուխգործոց և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մի մաս է կազմում:

«Ալ – Ախբար» թերթի տվյալներով ` ամրոցի պատերի հետևում շուրջ 250 ահաբեկիչ է թաքնվել, որոնք «Ջունդ – աշ -Շամ» կամ «Լևանտի զինվորներ» ահաբեկչական խմբավորման անդամներ են:

Ռազմական գործողությունները շարունակվում են Դերաայում, որտեղ կառավարական զորքերը հետապնդում են Հորդանանի սահմանից ներթափանցած ահաբեկչական խմբավորումներին:

«ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ահաբեկիչները գրոհել են Դերաայի ադմինիստրատիվ կենտրոնը, սակայն տալով տեխնիկայի ու մարդկային մեծաքանակ կորուստներ` հետ են շպրտվել Սիրիայի կառավարական զորքերի կողմից:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը




Լրահոս