Ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնեց Ստեփանակերտ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու օր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից Լաչինի միջանցքով Հայաստան են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Նրանց դիմավորում են Կոռնիձորում, որտեղ տեղակայված է վրանային կայան: Բնակիչներն այնտեղ ստանում են առաջին օգնություն, գրանցվում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում:

Այս ամենի հետևանքով Կոռնիձոր- Գորիս ճանապարհահատվածը ծանրաբեռնված է, ոստիկաններն էլ ավտոշարասյուներն ուղեկցում են Գորիս:

Այնտեղ իր առաքելությունն է կատարում նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ժամը 9:00-ի տվյալներով որևէ փոփոխություն չկա տվյալներում, լինելու դեպքում հրապարակավ կտեղեկացնեն քաղաքացիներին:

«Բոլոր նախարարությունների մասշտաբով կարգավորվում է իրավիճակը. Միայն առողջապահության նախարարությունը չի այս ամենի էպիկենտրոնում:Հնարավոր բոլոր ուժերով արվում է հնարավոր ու անհնարին ամեն ինչ այս պահի համար»:
Հարցին, թե արդյո՞ք սանավիացիայո կողմից կատարվում են այս պահին աշխատանքներ, նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից հայտնեցին, որ տեղյակ չեն եւ հավելյալ տեղեկության դեպքում անպայման կհայտնեն:
Չնայած քաղաքացիները բողոքում են դանդաղ իրականացվող աշխատանքներից՝ նախարարության կողմից, այդուհանդերձ նախարարությունից ArmLur.am-ին հայտնում են, որ շուրջօրյա աշխատում են և մինչև այս պահը ամբողջ թիմով աշխատում են:

Հարցին, թե արդյո՞ք բանակցություններ տարվում են, որպեսզի վիրավորները գոնե Քարվաճառի տարածքով տեղափոխվեն Հայաստան, քանի որ սեպտեմբերի 19-ից հետո վիրավորները անհամեմատ շատացել են, դրան էլ գումարվել է նաեւ բենզալցակայանի պայթյունը, սակայն նախարարությունից հայտնեցին, որ այդ ինֆորմացիային եւս չեն տիրապետում:

Հավելենք, որ րոպեներ առաջ ՀՀ ԱՆ հաղորդագրություն տարածեց. որում ասվում է.
«Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։

«Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստում են պացիենտների տեղափոխումը»։

Մարիամ Ղազարյան




Լրահոս