Civilnet.am -ը հրապարակել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության խնդրանքով ՀՀ նախկին Արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին հոդվածը, որը հրապարակվել է «Ալ Ջազիրա» -ի կայքում:
«Նախկին խորհրդային հանրապետություններ. վախ, մտահոգություն, վրդովմունք: ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արևմուտքը դեռևս վիճում են միջազգային նոր կարգի համար» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:
Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացումից ի վեր Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն այստեղ՝ Հայաստանում, վախի, անհանգստության և հախուռն նոր վրդովմունքի տրամադրություններ են ծնում։ Անկասկած, նույն տրամադրությունները կան հետխորհրդային հանրապետությունների մեծ մասում, հատկապես այն երկրներում, որոնք Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի նախկին կամ ներկա թեկնածուներ էին։
Վախը գալիս է այն մտքից, որ սա կարող էր պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ: Մտահոգությունը բխում է Արևմուտքի՝ Ռուսաստանին մեկուսացնելու մտադրությունների հրապարակային հայտարարություններից, իսկ վրդովմունքը՝ այն փաստից, որ ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց Ռուսաստանն ու Արևմուտքը դեռ վիճում են միջազգային նոր կարգի և մեր շուրջ։
Ռուսական հարկադրա՞նք
Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս փակուղին նման է երեխաների խնամակալությունը ստանձնելու շուրջ ամուսնալուծության վեճի, երբ երեխաներին ստիպում են ընտրություն կատարել։ Սակայն Հայաստանն ու Ուկրաինան չափահաս են, և նրանց պետք չէ պարտադրել ընտրություն կատարել։
Եվրոպական Միության հետ Ասոցացման ճանապարհի սկզբում թվում էր՝ գիտենք, թե ինչ ենք ուզում և ուր ենք գնում։ Սակայն այժմ, տարբեր ձևերով, մենք հայտնվել ենք բոլորովին այլ տեղում։ Յանուկովիչը, հաշվարկելով Ուկրաինայի օգուտները և վնասները, նախ որոշեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց հետո, երբ փոխվեցին օգուտի ու վնասի հաշվարկները, առկախեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։
Քանի որ եվրոպամետները նրան դուրս մղեցին, և Ռուսաստանը գործողությունների դիմեց, բոլոր ենթադրությունները, կասկածներն ու գուշակությունները, որոնք խոսում էին Ռուսաստանի կողմից ճնշումների ու հարկադրանքի մասին, ի դերև ելան։ Իսկապես, առևտրային արգելքները, Ուկրաինայի համար գազի սակագնի զեղչից հրաժարումը և, ամենակարևորը, Ղրիմի անջատումը Ուկրաինայից այն խաղաքարտերն էին, որոնք Ռուսաստանը բացահայտ դրեց սեղանի վրա՝ Ուկրաինային իր գիրկը բերելու համար:
Մենք գիտենք։ Հայաստանի դեպքն առանձնապես տարբեր չէր դրանից։ Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը վերահաստատում է Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու ընտրության անխուսափելիությունը և տարբեր այն գործոնները, որոնք նժարը թեքում էին Հայաստանի՝ դեպի հյուսիս գնալու որոշման կողմ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումով։ Ինչպես Ուկրաինայի դեպքում, Հայաստանում ևս կային գազի սակագնի և առևտրային հարաբերությունների հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ապագայի խնդիրը։ Թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Ղրիմը տարբեր ժամանակներում տարբեր առաջնորդների օրոք մի հանրապետության կազմից հանվել և մտցվել են մեկ այլ հանրապետության կազմ՝ էթնիկապես տարբեր և պատմականորեն հակադիր:
Հոդվածն ամբողջությամբ ՝ սկզբնաղբյուր կայքում: