ԶԻՆՎԱԾ ՄԻՋԱԴԵՊ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում կրակոցների վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաեւ «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակիցների շրջանակը:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Ալիկ Հ.-ն, լարված, անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակիչ Արշակ Առ.-ի հետ՝ ավտոմեքենան վերջինիս եղբորորդու՝ Արթուր Առ.-ի վարած ավտոմեքենայի ուղղությամբ վարելու, իրեն ու ընկերոջը՝ Նարեկ Հ.-ին, հայհոյելու, ինչպես նաեւ անձնական այլ հարցի պատճառով:

Այս կապակցությամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով Ալիկ Հ.-ն խմբով, Նարեկ Հ.-ի եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2023թ. օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող սգո սրահի մոտ դարանակալել եւ սպասել է Արշակ Առ.-ին՝ նպատակ ունենալով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու:

Տեսնելով, որ վերջինս իր ընկերոջ՝ Արթուր Ալ.-ի եւ եղբոր որդու՝ Արթուր Առ.-ի հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից՝ դեռեւս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նարեկ Հ.-ի հետ մոտեցել են նրան պատկանող ավտոմեքենային եւ, իրական վտանգի տակ դնելով նաեւ այդ պահին սգո սրահից դուրս եկող բազմաթիվ անձանց կյանքն ու առողջությունը, երկուսով «Մակարով» եւ «ՏՏ» տեսակի ատրճանակներից կրակոցներ են արձակել Արշակ Առ.-ի ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով Արթուր Ալ.-ին, ինչպես նաեւ վնասելով դեպքի վայրում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:

Արշակ Առ.-ն՝ ատրճանակից, վերջինիս եղբոր որդին՝ Արթուր Առ.-ն, ինքնաձիգից կրակոցներ են արձակել, իսկ Արթուր Ալ.-ն ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել Ալիկ Հ.-ի եւ Նարեկ Հ.-ի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջիններս իրենցից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական, դատանյութաբանական եւ դատահետքաբանական:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել:

Ալիկ Հ.-ին եւ Նարեկ Հ.-ին մեղադրանք է ներկայացվել:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային եւ քննչական գործողություններ, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի զենքերի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դրանք հայտնաբերելու, «BMW ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, վերջինիս եւ մեղադրյալների գտնվելու վայրերը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

 

 

 

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ, ԲՌՆԱԲԱՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

1995 թվականին ծնված՝ Հրազդան քաղաքի բնակիչը դանակը դրել է Երեւանի 46-ամյա բնակչուհու պարանոցին եւ պահանջել իրեն տրամադրել բջջային հեռախոսները, ոսկյա մատանին, որից հետո, դանակը կնոջ մեջքին պահելով, բռնաբարել է ու դիմել փախոստի։

Իրավապահները բռնել են 28-ամյա տղային ու ձերբակալել։

 

 

 

ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Մանկապարտեզի սաների նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր,  սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին:

Ըստ սոցցանցային գրառումների՝ այդ մանկապարտեզը մասնավոր է, որտեղ ամսական վճարն 90.000 դրամ է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Սյունիքի մարզում սեպտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել. հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է, եւ կրակոցներ արձակողը նույն թաղամասի բնակիչ, 40-ամյա Ալեքսեյ Գ.-ն է:

Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս եւ պարզել, որ նույն օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում, «Կավարտ» թաղամասի իր տան բակում «Դավիթ Բեկ» թաղամասի բնակիչներ 45-ամյա Դավիթ Ա.-ն, 20-ամյա Գոռ Ա.-ն եւ 18-ամյա Շանթ Ա.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալեքսեյ Գ.-ի հետ, որի ընթացքում, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել նրան, ու դրանից հետո Ալեքսեյ Գ.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից նրանց վախեցնելու համար դեպի օդ կրակոցներ է արձակել:

Քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում Ալեքսեյ Գ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաձիքը՝ 2 պահեստատուփով, որոնցից մեկը լիցքավորված է եղել 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Դավիթ, Գոռ եւ Շանթ Ա.-երին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Գոռ եւ Շանթ Ա.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Դավիթ Ա.-ն նրանց հայրն է:

 

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 16-ին «Նորավանք» եկեղեցական համալիրում կրակոցներ են հնչել. հաղորդում է Shamshyan.com-ը Լ:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ալոյանը իր նշանադրության արարողության ժամանակ։

Նա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խաթարելով համալիրի տարածքում գտնվող անձանց անդորրը:

Վայոց ձորի ոստիկանությունում նաեւ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա գտնվում է Երեւան քաղաքում, եւ ոստիկանները Արշակունյաց պողոտայում հայտնաբերել են նրան եւ տեղափոխել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Պարզվել է նաեւ, որ նշված դեպքը տեսանկարահանվել եւ հրապարակվել է Instagram սոցիալական կայքում։

Ձեռնարկվում են նաեւ միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու եւ դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու ուղղությամբ։

 

 

 

ԵՌՄԱՆ ՋՈՒՐՆ ՈՒ ԵՐԵԽԱՆ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ «Արթիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «իրանի եւ վերին վերջույթների 2-րդ եւ 3-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ մոր ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը:

Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 1-ամյա Մարինկա Հ.-ն է, իսկ նրա մայրը հայտնել է, որ երեխան նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, իրենց տան ննջասենյակում խաղալու ժամանակ հատակին դրված եռացրած ջրով դույլը քաշել, շրջել է, ինչի հետեւանքով ջուրը լցվել է երեխայի վրա։

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում ձեւակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժին։

 

 




Լրահոս