ԱՐՑԱԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՎԻԵՏՆԱՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիետնամում՝ Հանոյում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ԱԺ-ից:

 

«Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:

Ներկայումս մարդկային արարումներն ամբողջովին ձեւավորվում են թվային վերափոխման եւ նորարարության միջոցների շնորհիվ՝ դրանք անփոխարինելի դարձնելով մեր առօրյա կյանքում եւ մասնագիտական ոլորտում: Այս նստաշրջանին մասնակցելով՝ մենք ուշադրությունն ուղղում ենք մշակութային բազմազանության խթանման կարեւորագույն թեմային՝ որպես կայուն զարգացման հիմքում ընկած հիմնարար հենասյուն:

Այսօր մշակութային բազմազանության իրացումը մնում է դժվար հասանելի նպատակ բազմաթիվ տարածաշրջաններում, մասնավորապես՝ հակամարտությունների գոտիներում: Դրա օրինակներից մեկն է Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունը, որտեղ բնակչությունը զրկված է կրթության հիմնարար իրավունքից: Հետեւաբար, հրամայական է, որ մենք ընդգծենք բոլորի համար կրթության համընդհանուր հասանելիության ապահովման կարեւորությունը նույնիսկ նման դժվարին հանգամանքներում:

Covid-19-ից հետո ավելի ու ավելի դժվար է դարձել կրթությունը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների ինտեգրման:

Ցավոք, իրադրությունն ավելի է սրվում Ղարաբաղում բնակվող 20 000 սովորողների համար, որտեղ նրանց հասանելիությունն այս կարեւոր թվային ռեսուրսներին սահմանափակված է Ադրբեջանի կողմից:

Ցավով եմ հայտնում այն մտահոգող փաստը, որ 2022 թվականի դեկտեմբերից սկսած՝ արդեն ինը երկար ամիսներ, Ադրբեջանը շրջափակման է ենթարկել 120 000 էթնիկ հայերի՝ զրկելով նրանց կենսական անհրաժեշտության սնունդից, առաջին անհրաժեշտության դեղորայքից եւ վառելիքից: Ավելին՝ այդ մարդիկ դիմանում են գազի, էլեկտրաէներգիայի եւ ինտերնետ ծառայությունների պարբերական ընդհատումներին: Այս իրավիճակը ոչ միայն կրթության իրավունքի լուրջ խախտում է, այլ նաեւ խաթարում է կայուն զարգացման եւ մշակութային բազմազանության սկզբունքները:

Թվային վերափոխման այս դարաշրջանում, երբ տեղեկատվությունը հասանելի է համընդհանուր մասշտաբով, հուսահատեցնող է Լեռնային Ղարաբաղի երիտասարդության կայուն զարգացման խոչընդոտին ականատես լինելը:

Սա իրականություն է ժամանակակից աշխարհում, որը միջազգային ուշադրության, կարեկցանքի եւ հավաքական գործողությունների կոչ է անում՝ այս անարդարությունը շտկելու եւ տուժածների ապագան պաշտպանելու համար»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:

 

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼՈՒ

Արցախի շուրջ սրման ֆոնին՝ ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանն աջակցելու պատրաստակամության մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Այս ամենին զուգահեռ՝ ադրբեջանական կայքերը շարունակում են կեղծ լուրերի շրջանառությունը, թե, իբր,  սեպտեմբերի 19-ին հայկական զինված ուժերն իրականացրել են մի շարք լայնածավալ ռազմական սադրանքներ եւ ահաբեկչական հարձակումներ։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄՐՑՈՒՅԹ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Սեպտեմբերի 6-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարել է գրքերի տպագրության համար նոր մրցույթներ։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչի համար են նոր մրցույթները, եւ որքանով է ճիշտ հայտարարել նոր մրցույթներ այն դեպքում, երբ նախորդները ո՛չ նախատեսված ժամանակի են կատարվել, ո՛չ արդյունավետ են եղել։

Նախարարությունից մեզ պատասխանել են. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթներ, Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված, 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, ինչպես նաեւ 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարանների բացակա դասագրքերի համար»:

Այսինքն՝ նախարարությունը միայն սեպտեմբերի 6-ին է հասկացել, որ բացակա գրքերի համար նոր դրամաշնորհային մրցույթներ են պետք։

Նախարարությունը լռում է, ծնողները՝ բողոքում, որ դասագրքեր չկան։ Ուսուցիչները բողոքում են ստեղծված նոր Emis համակարգի, ցածր աշխատավարձի, քայքայված կրթական ոլորտի դեմ։

Իսկ այս ընթացքում Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից խնդրում է, որ այս գործընթացները ձախողված չհամարենք։

 

 

 

ԿՆՈՋ Է ԾԵԾԵԼ

Իջեւան համայնքի Սեւքար գյուղի բնակիչները հայտնեցին, որ  սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սեւքարի անտառտնտեսության շենքի բակում։ Անտառտնտեսություն է գնացել Սեւքար գյուղի բնակիչ, 1976 թվականին ծնված Վահան Վարդանյանը եւ հնարած առիթներով վեճի բռնվել Սեւքարի անտառտնտեսության տնօրենի պահպանության գծով տեղակալ Անահիտ Հովսեփյանի հետ. նրան մեղադրել է այն բանի համար, որ Անահիտի պատճառով իր եղբորը՝ նույն անտառտնտեսության անտառապահին, ազատել են պաշտոնից։ Իրականում Վահան Վարդանյանի եղբայրը շարունակում է այդ անտառտնտեսությունում աշխատել, նա ազատված չէ։ Վահան Վարդանյանն անտառտնտեսություն իրենց գործերով այցելածների ու անտառտնտեսության մի քանի աշխատակիցների ներկայությամբ անհիմն հայտարարել է, թե, իբր, Անահիտը ձայնագրում է իրենց խոսակցությունը, փորձել է 44-ամյա կնոջից խլել նրա հեռախոսը։ Վ. Վարդանյանը բռունցքով ուժգին հարված է հասցրել Անահիտի ձախ ականջախեցուն, որի հետեւանքով նրա ականջoղը պոկվել կորել է, ոսկե ականջoղը հետո անտառտնտեսության աշխատողը գտել է, հանձնել Անահիտ Հովսեփյանին։ Վահան Վարդանյանը նաեւ երկու անգամ ուժգին հարվածել է Անահիտի գլխին, սեռական հայհոյանքներ տվել նրա հասցեին։ 23 տարի Սեւքարի անտառտնտեսությունում անբասիր աշխատած, ԱԻՆ-ի պատվոգրով պարգեւատրված,  այս տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  տնօրենի շնորհակալագրին արժանացած Անահիտ Հովսեփյանը շոկային վիճակում, իր ավտոմեքենայով  Սեւքար գյուղից մի կերպ հասել է Իջեւան, դիմել ԱԱԾ, որտեղից նրան ուղարկել են ոստիկանություն: Քրեական գործ է հարուցվել բավական մեղմ հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 1-ին մասով («Ֆիզիկական ներգործությունը»)։ Սեւքարի բնակիչները կարծիք հայտնեցին, որ Վահան Վարդանյանին նման մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրելը կապված է այն բանի հետ, որ նա Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մոր քեռու տղան է։ Որպես լրագրող Անահիտ Հովսեփյանին վաղուց եմ ճանաչում, զանգահարեցի նրան, նա հաստատեց իր հետ կատարվածը, ասաց, որ հոգեպես վատ վիճակում է։ Սեւքարի բնակիչները հայտնեցին, որ  Վահան Վարդանյանը Սեւքարի անտառտնտեսության անտառներում հատատեղ ունի,  ծառահատումներ է կատարում. Անահիտ Հովսեփյանի հետ հաշվեհարդարը կապված է այն բանի հետ, որ նա խոչըդոտում, կանխում է Սեւքարի անտառտնտեսության անտառներում անօրինական հատումները: Ծեծով, սեռական հայհոյանքներով ցանկանում են հասնել այն բանին, որ նա պաշտոնից ազատվի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս