ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԿՈՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական նոր լայնածավալ հարձակման հետ կապված, հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին ու համարժեք արձագանք տալ այդ երկրի ցեղասպան գործողություններին։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ՝ հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը եւ կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին եւ համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»:

 

 

 

ԻՆՔՆԱԳԼՈՐՆԵՐԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Մոտ երկու տարի է, ինչ էլեկտրական ինքնագլորներն իրենց հաստատուն տեղն են գրավել Երեւանի փողոցներում։ Միկրո-տրանսպորտը ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի: Ներմուծման օրից Էլեկտրական ինքնագլորների «շեյրինգը» գործում է միայն Երեւանի տարածքում։ Այն կարելի է վարձել հատուկ հավելվածների միջոցով, եւ մեկ կիլոմետր ուղեւորության արժեքը սկսվում է 30 դրամից՝ արագությունից կախված։

Ամբողջ խնդիրն այն է, որ ներմուծման օրից էլեկտրական ինքնագլորների վերաբերյալ ոչ մի օրենսդրական կարգավորում չի սահմանվել, իսկ վրաերթից տուժածների թիվն աճում է: Պարզվում է, որ էլեկտրական ինքնագլորների օգտագործման հետ կապված լուրջ խնդիրներ ունի ոչ միայն մայրաքաղաք Երեւանը, այլ նաեւ մի շարք այլ երկրներ:

Օրեր առաջ տեղեկացանք, որ էլեկտրական ինքնագլորների օգտագործումը Փարիզում են արգելել, այժմ էլ Ռուսաստանում են նախատեսում կիրառել խստացումներ։ Մասնավորապես, առաջարկվել է ինքնագլորների համար ներդնել համարանիշներ, ինչպես նաեւ ինքնագլոր օգտագործողների հանդեպ որոշակի պատասխանատվություն սահմանել քրեական եւ վարչական իրավախախտումների օրենսգրքերով։

Հիշեցնենք նաեւ, որ վերջին օրերին շատացել են վթարները, քանի որ էլեկտրական ինքնագլորներ սպառողների թվում հիմնականում անչափահաս երեխաներ են:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Մի՛ արեք այսպես» խմբի համահիմնադիր Լեւոն Հարությունյանի հետ, ում խոսքով. «Նախ պետք է սահմանել, թե ինքնագլորը ինչ է, եւ ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ ներմուծման օրից ինքնագլոր օգտագործողների հանդեպ չի սահմանվել որոշակի պատասխանատվություն»:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել նաեւ ինքնագլորներ ներկրող JET.AM ընկերությանը. արձագանքի դեպքում նոր մանրամասներ կներկայացնենք:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ

Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաեւ մշակույթի պալատի կարեւոր խնդիրներից մեկը՝ ջեռուցման հարցը:

Ջեռուցման հարց կլուծի նաեւ սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում, եւ Ստեփանավան համայնքի 4-րդ միկրոշրջան թաղամասում կիրականացվի գազաֆիկացումը:

Ծրագրի արժեքը կազմել է 495.495.764 ՀՀ դրամ, որից 40 % ներդրել է համայնքը, 60 %՝ պետությունը: Մինչ այժմ աշխատանքներն իրականացվել են 45 %-ով:

Այս տարի ձմեռն ավելի տաք կդիմավորեն ռումինական թվով 3, 2, 16 եւ 22 շենքերի բնակիչները: Այստեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցում. ջերմամեկուսացվում են շենքերի պատերը, վերանորոգվում են տանիքները, շքամուտքերը, փոխվում են մուտքի դռները:

Ծրագրի արժեքն է 218.769.436 ՀՀ դրամ, որից 45 %-ը պետության ներդրումն է, 26 %՝ համայնքի, 5%՝ բնակիչների, եւ 24 %՝ ՄԱԶԾ: Սուբվենցիոն այս ծրագրերի ավարտը նախատեսված է մինչեւ տարեվերջ:

 

 

 

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

Երեւանի ավագանու ընտրություններից հետո վերահաշվարկ իրականացվելու է երկու ընտրատեղամասում։

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը, ԸԸՀ-ն, մասնավորապես՝ թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, վերահաշվարկի մեկ դիմում է ստացել «Ազգային Առաջընթաց» կուսակցությունից՝ 8/1 տեղամասի արդյունքների վերահաշվարկի պահանջով։

«Ընթացակարգի համաձայն՝ վերահաշվարկի պահանջով դիմում պետք է ներկայացվեր սեպտեմբերի 19-ին՝ մինչեւ 11։00-ն։ «Մայր Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացրել է 11։00-ից հետո, հետեւաբար այն չի ներգրավվել որպես վերահաշվարկի պահանջով դիմում։ Այդուհանդերձ, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ «Մայր Հայաստան» կուսակցության առաջարկած 10/26 ընտրատեղամասում իրականացնելու է վերահաշվարկ»,- ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը։

 




Լրահոս