ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԱՎՐՈՐԱ»-Ի ՀԵՐՈՍՆԵՐԸ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թ. «Ավրորա» մրցանակին են հավակնում մերօրյա հերոսներ Բահրեյնից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից եւ Իրանից: Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի Լոս Անջելեսում 2024 թ. մայիսին:

 

Ինչպես «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկանում է  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից, 2024թ. «Ավրորա»-ի հերոսների անունները հայտարարվեին «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Այս հերոսներից մեկը կդառնա 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր. շնորհման արարողությունը տեղի կունենա 2024 թ. մայիսին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Մենք ուրախ ենք հայտարարել այն երեք բացառիկ անհատների անունները, որոնց ընտրել ենք որպես 2024 թ. «Ավրորա»-ի հերոսներ: Նրանք տարբեր են իրենց կենսափորձով, բայց նրանց միավորում է մարդկությանը ծառայելու նվիրումը: Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերել է արտասովոր խիզախություն եւ նվիրվածություն՝ օգնելով այլոց վտանգավոր իրավիճակներում, մի կողմ դնելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

2024 թ. «Ավրորա»-ի հերոսներն են Աբդուլհադի ալ-Խավաջան (Բահրեյն/Դանիա), Դենիս Մուկվեգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) եւ Նասրին Սոթուդե (Իրան):

«Այս տարի ստացել ենք ավելի քան 700 հայտ, եւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը պետք է դժվար ընտրություն կատարեր՝ այդ բացառիկ անհատներից առանձնացնելով երեքին,-ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը:- Այս երեք  մարդասերներն անվախ են իրենց գործում՝ աներեւակայելի հանգամանքներում օգնելով այլոց, եւ մեզ համար պատիվ է աշխարհին պատմել նրանց գործունեության եւ ունեցած ազդեցության մասին»:

2024 թվականին «Ավրորա» մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլում, որը տեւեց 2022 թվականի հունիսի 1-ից մինչեւ  2023 թ. մայիսի 31-ը, ներկայացվել է 732 հայտ՝ ներառելով 675 հերոսի առաջադրում: Հայտերը ստացվել են 75 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Քենիա, Հայաստան, Նիգերիա, Գերմանիա, Պակիստան, Կանադա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան եւ Իրան:

«Զարմանալիորեն մեծ է մարդասիրական աջակցության կարիքն աշխարհի բոլոր անկյուններում, եւ «Ավրորա»-ի կողմից ճանաչման արժանացած յուրաքանչյուր անհատ շոշափելիորեն փոխում է նրանց կյանքը, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը, եւ սա ոգեշնչում է մեզ բոլորիս»,- ասաց «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը:

 

 

 

ԸՄԲԻՇՆԵՐԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Հայ ըմբիշը նաեւ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։ Մինչ այս Հայաստանից ՕԽ-ին իր մասնակցությունն ապահովել էր նաեւ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Հարությունյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է որակավորման փուլից եւ վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) եւ մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11-0) նկատմամբ՝ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել եւ 10:0 հաշվով առավելության հասել չինացի Վանհաո Ժոուի նկատմամբ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԱԱ-ում պայքարը շարունակում է միայն Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65 կգ). սեպտեմբերի 19-ին Թեւանյանը կգոտեմարտի ԱԱ-ի բրոնզե մեդալի եւ օլիմպիական ուղեգրի համար:

Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով առավելության է հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Թեւանյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիեւի նկատմամբ՝ 12-2։

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ մինչեւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։

Սեպտեմբերի 22-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Նշենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջեւ կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

 

 

 

ԿՈՒՐՏՈՒԱՅԻ ՀՈՒՅՍԸ

Մադրիդի «Ռեալի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկի վիրահատությունից հետո գնահատել է այս մրցաշրջանում խաղադաշտ վերադառնալու հնարավորությունը։

«Խաչաձեւ կապանների վիրահատությունից հետո վերականգնողական փուլը տեւում է 7-9 ամիս։ Մայիսին կանցնի 8-րդ ամիսը։ Այս մրցաշրջանում դարձյալ հանդես գալու մասին կանխատեսում անել չեմ կարող։

Ես պետք է զգամ, որ լիարժեք պատրաստ եմ։ Հույս ունեմ, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը կհասցնեմ մի քանի խաղի մասնակցել»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն։

31-ամյա Կուրտուան Արքայական ակումբում հանդես է գալիս 2018 թվականից՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

 

 

 

ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԶԻԴԱՆԻՆ

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադին» 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ՝ Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաղթանակների քանակով գերազանցել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի ցուցանիշը Արքայական ակումբում եւ բարձրացել է երկրորդ տեղ. հաղորդում է ակումբի կայքը։

Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալը» տարել է 173 հաղթանակ։ Ակումբի ռեկորդակիր մարզիչը Միգել Մունյոսն է՝ 357 հաղթանակ։

64-ամյա Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալը» նվաճել է 10 տիտղոս։

 

 

 

ԿԳԼԽԱՎՈՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Գերմանիայի ֆուտբոլային միությունը համաձայնության է հասել Յուլիան Նագելսմանի հետ։ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Գերմանիայի ազգային հավաքականը. հաղորդում է Bild-ը։

Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ «Եվրո-2024»-ի ավարտը։ Նագելսմանի տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 400 հազար եվրո։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի հեռացումից հետո Բունդեսթիմի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է։

 




Լրահոս