ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՍՐՏԻ ԴԱՏԱՎՈՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այն դատավորն է, որը հանուն Արցախի պայքարող եւ անհնազանդություններ իրականացնող ցուցարարներին կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ երիտասարդը արցախցի է, նրա ընտանիքը Ստեփանակերտում անվտանգ գոյության պայքար է մղում: Իսկ ո՞վ է դատավոր Ֆարխոյանը: Նա պաշտոնի նշանակվել է 2018 թվականի հունվարի 25-ին՝ այն նույն տարում, երբ հայրենիք հանձնող իշխանությունները եկան թատերաբեմ։ Ի դեպ, նա միշտ աչքի է ընկել իշխանությունների «սրտի որոշումներ» կայացնելով։ Նա այն դատավորն է, որ կալանավորելու որոշում է կայացրել ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Ֆարխոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1991 թվականին։ Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 245 հազար 359 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 500 հազար դրամ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 126 հազար դրամ, որից 13 մլն 126 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ եկամտի մյուս մասը վարկ է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 461 հազար դրամ։ Նկատենք, որ Ֆարխոյանի եղբայրը՝ Ջոն Ֆարխոյանը, անցնում էր 2020թ. փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի հետ նույն գործով, սակայն ազատ արձակվեց գրավի դիմաց: Դեռ պարզաբանման է ենթակա նաեւ հենց դատավորի հայտարարագրած ու գուցե չհայտարարագրած կարողությունը:

 

 

 

 

ՀՀ կառավարության անդամները երեկ՝ նիստի մեկնարկին, հոտնկայս էին «մեծարգո վարչապետին» դիմավորելիս, սակայն զոհերի հիշատակը նույնքան կազմակերպված չհարգեցին։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նիստի մեկնարկին այդպես էլ նրանք ոտքի չկանգնեցին ու մեկ րոպե լռությամբ չհարգեցին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված արցախցիների հիշատակը. մի երեւույթ, որ կարելի է «աննախադեպ» համարել։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա կառավարության անդամներից որեւէ մեկը չցավակցեց արյունահեղությանը զոհ գնացած արցախցիներին, կարծես ոչինչ չէր եղել։ Ու եթե չլիներ Փաշինյանի կարճ ներածական խոսքը, իրականում՝ ազդարարումը, թե ՀՀ դեմ հիբրիդային քարոզչական պատերազմ է սկսվել, իսկ Արցախում մնացած քաղաքացիական անձանց կյանքին վտանգ չի սպառնում, ապա սուբսիդիոն ծրագրերով վերանորոգվող փողոցների շարքի թվարկումից չէիր ասի, թե ինչ իրավիճակում է այսօր Հայաստանը, ինչ իրավիճակում է Արցախը։

 

 

 

 

Վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում քննարկվում է ներքին անարդարության հարցը, թե ինչպես են բաշխվում գործուղումները, որ Լուսինե Բադալյանը եւ Նարեկ Զեյնալյանը դառնում են արտոնյալներ: Նրանք գրեթե ամեն տեղ միասին են մեկնում: Տեղեկացնենք, որ վերջին գործուղումը սեպտեմբերի 19-25-ն էր, որի մասով որոշումը  կայացվել էր օգոստոսի 28-ին: Հայտնի զույգը եւ իրավաբանության հետ կապ չունեցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը գործուղման էին գնացել  Նյու Յորք եւ մասնակցում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Տարօրինակը այս մասնակցության այն է, որ պատգամավորներից որեւէ մեկը արտաքին հարաբերությունների հետ կապ չունի. եւ՛ Լուսինե Բադալյանը, եւ՛ Նարեկ Զեյնալյանը  Առողջապահության հանձնաժողովի անդամներ են, իսկ Լուլուի ընկերուհի Արփին, ինչպես նշեցինք, Պետաիրավական հանձնաժողովի անդամ է: Զարմանալի է, որ որեւէ կապ չունենալով արտաքին կամ անվտանգության ոլորտի հետ՝ որպես պատվիրակություն գործուղվել են ԱՄՆ՝ ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցելու: Ընդ որում՝ նրանցից որեւէ մեկը պատշաճ մակարդակի անգլերեն չգիտի անգամ, եւ հասկանալի է, որ բյուջեի հաշվին շրջագայության էին մեկնել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ԱԱԾ մեկուսարանից ազատ կարձակվի: Նրան կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Ըստ էության, պարզ է, թե որն է Վաչագան Ղազարյանի ազատության գինը: Այս տարվա օգոստոսի 31-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը։ «Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվեց դատարանի կողմից: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Կատարված ուսումնասիրության արդյունքում Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ եւ 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։ 2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն էր ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու եւ հայցապահանջում ներառված` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ դիմում ներկայացրած անձանց միջեւ 2023 թվականի օգոստոսի 22-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։

 




Լրահոս