Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը` ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այդ ժամանակահատվածի դատավոր Ա.Մ.-ի օգնական Գ.Ս.-ի հետ:
Մասնավորապես.
2012 թվականի ընթացքում Ա.Ե.-ն և դատավորի օգնական Գ.Ս.-ն խաբեության եղանակով ձեռք են բերել Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանում գտնվող 0,75 հա մակերեսով՝ 300 մլն դրամ շուկայական արժեքով հողամասը:
Նույն թվականին Ա.Ե.-ն՝ 20 մլն դրամ շուկայական արժեքով 394 քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 543 քմ մակերեսով շինությունը հափշտակելու նպատակով ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր:
2013 թվականի հունվարին Ա.Ե.-ն իր մտերիմ, փաստաբանական գործունեություն իրականացնող Ն.Հ.-ի, դատավորի օգնական Գ.Ս.-ի և քաղաքացի Վ.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ ձեռք է բերել 1 մլրդ 500 մլն դրամ շուկայական արժեքով՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գտնվող՝ 2.61 հա մակերեսով հողամասը:
Նկարագրված երեք դեպքերում՝ վերոնշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա, հողամասերն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում գրանցելու և տնօրինելու հնարավորություն ստանալու նպատակով, փաստի հաստատման պահանջի մասին դիմում է ներկայացվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. երեք դեպքում գործը մակագրվել է դատավոր Ա.Մ.-ին:
Ա.Ե.-ն, նկարագրված երեք գործարքներից երկուսի դեպքում, տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքներով հողամասերի իր մասնաբաժնի իրական պատկանելիությունը և ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու միջոցով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 76 մլն դրամ և 138 մլն դրամ արժեքներով հողամասերը:
Հաշվի առնելով, որ քաղաքացի Ա.Ե.-ի արարքներում առկա են հանցագործության հատկանիշներ՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը Ա.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն) (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (2 դրվագ):
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Ա.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: