Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ունենան ինքնիշխանություն և իրավասություն իրենց ազգային տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը։
«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, և նրանք իրենց գործնական գործողություններում առաջնորդվելու են այս սկզբունքով։ Այդ մասին հայտարարել են կողմերը», – ասել է Զախարովան։
Ռուսական կողմը, նրա խոսքով, շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով։ Նա կողմնակից է բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
«Միևնույն ժամանակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ դաշնակից պետություններ են, մենք պարտավորված ենք անվտանգության ոլորտում համագործակցել Երևանի հետ՝ և՛ երկկողմ ձևաչափով, և՛ ՀԱՊԿ ձևաչափով։ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է ամենաբարձր մակարդակով։ Այդ գործընթացը 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում հաջողությամբ իրականացավ նաև Բաքվի հետ»,- նշել է Զախարովան։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այս հարցն ուշադրությամբ քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հենց այս ձևաչափով պետք է փոխադարձ ընդունելի լուծում գտնել։
«Նման համաձայնագրերը, որոնք հիմնված են շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարևաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե խորհրդային իշխանությունները «Արևմտյան Զանգեզուրը» փոխանցել են Հայաստանին՝ կտրելով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։ Նրա խոսքով, առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե պատմությանը, որը հայտնի է Ռուսաստանում, այլ երկրի վրա դինամիկ զարգացող իրավիճակին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Անկարան ամեն ինչ կանի «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացման համար։
Օֆելյա Հովհաննիսյան